Ո՞ր նախկին պաշտոնյաների վրա կտարածվի համաներումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ն սկսելու է քննարկել Համաներման նախագիծը: Շատերին հետաքրքրում է՝ արդյոք համաներումը կտարածվի՞ թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերով անցնող պաշտոնյաների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համաներումը չի տարածվի, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա: Ինչպես հայտնի է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնական լիազորությունները անցնելու եւ ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու համար՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կապված:

Համաներման նախագծում հստակ նշվում է` եթե որեւէ քրեական գործով կա գույքային պահանջ, մինչ այն չհարթվի, համաներումը չի տարածվի ամբաստանվող անձի վրա: «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կապված քրեական գործով Հովիկ Աբրահամյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Գեւորգ Գեւորգյանը, քրեական գործի շրջանակներում նշել է, որ իրեն նյութական վնաս է հասցվել 80 հազար դոլարի սահաններում: Նա քաղաքացիական հայց է ներկայացրել իր վնասը փոխհատուցելու համար, ու հիմա ստացվում է, որ եթե Հովիկ Աբրահամյանն ուզում է համաներմամբ ազատվել քրեական գործով պատասխանատվությունից, պետք է փոխհատուցի ներկայացված պահանջը:

Սակայն, հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ուր մնաց թե` տուժողի վնասը փոխհատուցի: Նշենք, որ ընկերության հիմնադիրը եւ այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերեւույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները:




Լրահոս