Բնապահպանության նախարարությանն է հանձնվել հրշեջ սարքավորումներով հագեցած մեքենաների առաջին խմբաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել հանդիպում Բնապահպանության նախարարության, Ռուսաստան-ՄԱԶԾ թրասթային հիմնադրամի ղեկավար կոմիտեի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների միջև, որի ժամանակ քննարկվել են ընթացիկ համագործակցության հետ կապված հարցեր, դրանց թվում՝ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագիրն ուղղված է կլիմայի փոփոխության պայմաններում անտառային և դաշտային հրդեհների ռիսկերի նվազեցմանը և դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ինչը շատ կարևոր է Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման տեսակետից։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կարևորելով ծրագրի իրականացման մեկնարկը՝ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հատկապես ընդգծել է դրանից ակնկալվող առարկայական արդյունքները։ Նախարարը նշել է, որ կլիմայի փոփոխությունների հարմարվողականության գործընթացներում Հայաստանը և Ռուսաստանը համագործակցության մեծ հնարավորություններ ունեն՝ մասնավորապես Հայաստանի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նոր մեխանիզմների շրջանակներում։ Օգտվելով առիթից նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ նախորդ տարի <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցում բռնկված հրդեհաշիջման աշխատանքներին ծանրակշիռ աջակցություն ցուցաբերելու համար։

Ռուսաստան-ՄԱԶԾ թրասթային հիմնադրամի ղեկավար կոմիտեի ներկայացուցիչ Սերգեյ Կոնոնուչենկոն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր և, իր համոզմամբ, կարևոր հարթակի՝ կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործընթացներին։ ՌԴ ներկայացուցիչը նկատել է, որ թրասթային հիմնադրամում բացված նոր պատուհանի միջոցով իրականացվող ծրագրերը կօգնեն Հայաստանին կլիմայական փոփոխություններով պայմանավորված երևույթների դեմ արդյունավետ պայքարին՝ համոզմունք հայտնելով, որ այն ոլորտում երկու երկրների համագործակցության նոր սկիզբ է։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել Բնապահպանության նախարարությանն արդյունավետ համագործակցության և ՌԴ-ին՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար և ներկայացրել կարճ ժամանակահատվածում արձանագրված ծրագրի շոշափելի արդյունքները։

Միջոցառման շրջանակներում Բնապահպանության նախարարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջև ստորագրված համաձայնագրով մեկնարկել է ծրագրի տեխնիկական վերազինման բաղադրիչը և Բնապահպանության նախարարությանն է փոխանցվել հրշեջ սարքավորումներով հագեցած մեքենաների առաջին խմբաքանակը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 20 նմանատիպ մեքենաների ձեռքբերում։




Լրահոս