Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին ՀՀԿ խորհրդի հայտարարությունից տպավորությունը մեկն է. այս կուսակցության գործելաոճն ինչպես իշխանավարման տարիներին, այնպես էլ հիմա, ընդդիմադիր կարգավիճակում չի փոխվել, եւ ՀՀԿ-ն շարունակում է հասարակությանը մոլորեցնել կեղծ պնդումներով:
Մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին ՀՀԿ պնդումները, քննադատությունները, որոնք այլ կերպ, քան իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ, դժվար է որակել:
ՀՀԿ խորհրդի հայտարարության մեջ ուշագրավ է իշխանության ղեկին եղած տարիների սխալների ու բացթողումների արձագանքը: Միամիտները կմտածեն, թե ՀՀԿ-ականները նպատակադրվել են հանդես գալ ինքնախոստովանությամբ` իրենց սխալների համար հասարակությունից հայցելով ներողամտություն: Բայց հիասթափեցնենք` ամենեւին ոչ: Պարզապես նրանք մի քանի ակնհայտ փաստ են մատնանշել, առանց այդ ամենի համար ներողություն հայցելու:
ՀՀԿ-ն նաեւ խոստովանել է, որ հնարավոր չեղավ արմատախիլ անել կաշառակերությունն ու կոռուպցիայի որոշ դրսեւորումներ: Բայց մյուս կողմից ՀՀԿ հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ամիսների կոռուպցիոն բացահայտումները որակված են «ցուցադրական բնույթ կրող արշավ», «ընտրովի արդարադատության, քաղաքական հաշվեհարդարների գործիք»: Իսկապես, ՀՀԿ-ն լավ գիտի իր իշխանավարման ժամանակ կոռուպցիայի ծավալները, եւ քանի դեռ նոր կառավարությունը չի բացահայտել իրենց իշխանության թալանածի գոնե 20-30 տոկոսը, բնական է` նախնական բացահայտումները կարող են եւ «ցուցադրական» թվալ:
ՀՀԿ-ն խոստովանել է, որ ներկուսակցական ժողովրդավարությունը նահանջ է ապրել, առողջ քննադատությունը երբեմն չէին տարբերակում ապակառուցողական ընդդիմախոսությունից: Ու սա այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում իրենք, ընդհակառակը, պնդում էին, թե ՀՀԿ ներսում ժողովրդավարություն է, բանավեճեր են ընթանում, ականջալուր են հասարակության ձայնին, իրենք ամենաճիշտն են: Իսկ ընդդիմության քննադատությունները որակում էին խնդիրները շահարկելու փորձ:
Բայց ՀՀԿ իշխանության ամենագլխավոր սխալի մասին կուսակցության հայտարարության մեջ լռել են: Խոսքը ՀՀԿ իշխանության լեգիտիմության բացակայության մասին է. 20 տարի շարունակ ՀՀ իշխանությունն ունեցել է այդ խնդիրը: Ավելին, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն փորձել է իշխանությունը վերարտադրել ընտրակեղծիքներով, ընտրախախտումներով: Հասարակության փորձերը ընտրությունների միջոցով փոխելու իշխանությունը մշտապես կասեցվել են ուժով, բռնությամբ: