Հայաստանում ավելանում է հյուրանոցների թիվը, բայց դրանց կողմից վճարվող հարկերը այդքան էլ մեծ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաեւ հյուրանոցները: Թեեւ Հայաստանում ավելանում է հյուրանոցների թիվը, բայց դրանց կողմից վճարվող հարկերը այդքան էլ մեծ չեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հազար խոշոր հարկատուների ցանկի 33-րդ տեղում հայտնվել է Վերին Պտղնիում հյուրանոց եւ խաղատուն շահագործող «Օնիրա Քլաբ» ընկերությունը: Այս տարվա երրորդ եռամսյակում այն պետական բյուջե վճարել է 3 մլրդ 581 մլն 884 հազար դրամ հարկ ու տուրք:

Իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 557 մլն 301 հազար դրամ: Նշենք, որ ընկերությունը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին: Պարզվում է` Ծառուկյաներին պատկանող ընկերությունը մեկ տարվա ընթացքում ավելի քան 24.5 մլն դրամով ավելացրել է հարկերը: Ի դեպ, նշենք, որ ընկերությունը շահագործում է «Մուլտի Գրանդ Հոթել»-ը: Մյուս կողմից` նկատենք, որ «Օնիրա Քլաբ»-ի հարկային վճարումների աճը կապված չէ միայն հյուրանոցի շահագործմամբ: Չէ՞ որ ընկերությունը շահագործում է նաեւ Հայաստանի խոշոր խաղատունը` «Շանգրի Լա»-ն: Եւ ՊԵԿ-ի հրապարակած տվյալներից հնարավոր չէ ասել, թե «Մուլտի Գրանդ Հոթել»-ը կոնկրետ ինչքան հարկ է վճարել այս եւ նախորդ երրորդ եռամսյակներում:

Մյուս խոշոր հարկատուն «Արմենիա հյուրանոցային համալիր»-ն է: Խոշորների ցանկում այն զբաղեցնում է 178-րդ տեղը` 1.46 մլրդ դրամի 676 մլն 174 հազար դրամ հարկերով: Ինչպես նախորդը, «Արմենիա հյուրանոցային համալիր»-ը եւս նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ մոտ 72 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները: Հյուրանոցային համալիրը պետական բյուջե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 604 մլն 151 հազար դրամ հարկ ու տուրք:

Խոշոր հարկատուների շարքում է նաեւ «Անի Պլազա Հոթել»-ը, որը այս տարվա երրորդ եռամսյակում պետբյուջե վճարել է 386 մլն 177 հազար դրամ հարկ: Հանրության շրջանում հայտնի «Անի» հյուրանոցը թեկուզ չնչին, բայց այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է հարկային վճարումները: Ըստ ՊԵԿ-ի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկի` «Անի» հյուրանոցը նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում պետական բյուջե վճարել է 385 մլն 630 հազար դրամ հարկ:

Իսկ ահա «Փարիզ հոթել»-ը, հակառակը, նվազեցրել է հարկային վճարումները: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` «Փարիզ» հյուրանոցը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին: Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 110 մլն 315 հազար դրամ հարկ ու տուրք, բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 115 մլն 988 հազար դրամ:
«Երեւան հյուրանոց»-ը ոչ միայն տեղ է գտել խոշորների ցանկում, այլեւ ավելացրել է հարկային վճարումները: Եթե նախորդ տարվա երրորդ եռամսյակում հյուրանոցը պետական բյուջե վճարել է 216 մլն 763 հազար դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 361 մլն 123 հազար դրամ հարկ ու տուրք:

Իսկ «Գոլդեն Փելիս Հյուրանոց» ընկերությունը, որը շահագործում է Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» եւ Երեւանում գտնվող «Ռեդիսսոն բլու» հյուրանոցները, զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում կատարել է 118 մլն 351 հազար դրամի հարկային վճարումներ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերը կազմել են 261 մլն 716 հազար դրամ:

Հ.Գ. Ի դեպ, հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին զբաղված են եղել բոլոր հյուրանոցները: Այլ երկրներից Հայաստան ժամանած հյուրերը ստիպված են եղել տեղավորվել Երեւանից դուրս գտնվող հյուրանոցներում, անգամ մոթելներում կամ վարձու տներում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս