ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության վարչության ղեկավար Մեհրնազ Մուստավաֆիին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ներկայացուցիչներ, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակը սկսում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրը, որի նպատակն է աջակցել թիրախային Ալավերդի, Ամասիա, Բերդ և Թումանյան խոշորացված համայնքներում Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ համայնքային դիմակայունության, սոցիալական պաշտպանության և ներառականության, տնտեսական և պարենային անվտանգության ուժեղացման, ապրուստի և կայուն աշխատանքային հնարավորությունների և կարողությունների զարգացման միջոցով:
Մեհրնազ Մուստավաֆին շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի, ՀՀ կառավարության և համայնքների հետ սերտ համագործակցությամբ ծրագիրը կունենա իր նախանշած արդյունքները` բնակչության կոնկրետ կարիքների և խոցելիության բացահայտման միջոցով բարելավել մարդկային և պարենային անվտանգության մակարդակը:Կարևորվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության դերակատարությունը` որպես ծրագրի գործընկեր պետական կառույց:
Վաչե Տերտերյանը ողջունելով հյուրերին`կարևոր է համարել համայնքների անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրի նախանշած նպատակը և նշել, որ ընտրված մարզերը խոցելի են արտագաղթի, աղքատության բարձր մակարդակի, անվտանգության առումներով, և այս խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն առաջնահերթ են ՀՀ կառավարության համար: Փոխնախարարը վստահեցրել, որ նախարարությունը, որպես գործընկեր կառույց, կանի հնարավորն այն արդյունավետ իրականացնելու համար:
Նշենք, որ ՄԱԿ-ի մարդկային անվտանգության ֆոնդի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրն իրականացվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ: