Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները հապճեպ կազմակերպվեցին: Դա վերաբերում է նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը: Այդ հանձնաժողովների անդամներին առաջադրել են իրավունքի ուժով արձակված Ազգային ժողովում ներկայացված 4 քաղաքական ուժերը: Ընդ որում՝ կուսակցությունների ներկայացուցիչները եւ այդ կուսակցությունների ռեյտինգային թեկնածուները` որպես տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ, հաճախ առաջադրել են իրենց խնամիներին, ծանոթներին, բարեկամներին, ընկերներին:
Դա արվել է այն բանի համար, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց կատարելիք աշխատանքի դիմաց 55 հազար դրամ վարձատրության համար երախտապարտ լինեն , դեկտեմբերի 9-ի ընտրություններում քվե տան իրենց առաջադրած կուսակցությանը եւ դրա ռեյտինգային թեկնածուին: Երբեմն նույն ընտանիքի տարբեր անդամներ նույն կուսակցության կողմից տարբեր համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ են դարձել: Հանձնաժողովի քարտուղարի ռոճիկը 80 հազար, իսկ նախագահինը՝ 100 հազար դրամ է: Նույնն է նաեւ այս անգամ:
Նկատենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից շատերը իրազեկ չեն ընտրական օրենսգրքի պահանջներին, այդ պատճառով նրանց համար Նոյեմբերյան եւ Իջեւան քաղաքներում դասընթացներ են կազմակերպվել: Դասընթացավարները հանրամատչելի կերպով տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին բացատրում են ընտրական օրենսգրքի պահանջները, սակայն այդ հանձնաժողովներում ընդգրկվածների մի մասը դասընթացներին չի ներկայանում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ