Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հովանավորությամբ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ընթացքն ու զարգացման հեռանկարները:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը դրական է գնահատել կատարված աշխատանքը և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Դավիթ Տոնոյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի կատարելագործման և մեթոդաբանության ամրապնդման հարցերի վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «համազգեստով քաղաքացի» հայեցակարգը՝ քայլեր ձեռնարկել զինծառայողների քաղաքական իրավունքների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
Կարևորվել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին փորձագիտական օժանդակության տրամադրումը, այդ թվում նաև՝ պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախաձեռնությունների սոցիալական ազդեցության գնահատման կարողությունների զարգացման մասով:
Զրուցակիցներն անդրադարձել են «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ-ի վճռի կատարման հարցում ՀՀ պաշտպանության նախարարությանը փորձագիտական օժանդակության տրամադրման անհրաժեշտությանը:
Որպես մարդու իրավունքներին առնչվող խնդիր` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրերին ներկայացրել է նաև 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները: