Ինքնաբացարկների սպասելով. մի քանի օրից խորհրդարանի ցուցակը պատրաստ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 21-ին ավարտվել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար սահմանված ժամկետը: Մասնակից քաղաքական ուժերից ոչ մեկը չի դիմել Սահմանադրական դատարան արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով։

Եվ քանի որ բողոքարկումների մասին դիմումներ չկան, ապա համաձայն ընթացակարգի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի եւ ԱԺ-ն կազմավորված կճանաչի: Այժմ կուսակցություններին տրամադրվում է որոշակի ողջամիտ ժամկետ, որպեսզի եթե կան ինքնաբացարկներ, ներկայացնեն դրանք, այնուհետեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավոր ինքնաբացարկների հետ կապված կկայացնի համապատասխան որոշումներ, կկազմի արձանագրություն մանդատներ տրամադրելու մասին եւ, բնականաբար, կհայտարարվի նաeu ԱԺ առաջին նիստի օրը: Ըստ այդմ, այս պահի դրությամբ ինքնաբացարկներ հայտնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է:

Անցած կիրակի՝ դեկտերմբերի 15-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց դեկտեմբերի 9-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն ու բաշխեց պատգամավորական մատդատները։ Ըստ այդմ, 7-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր։ Անցողիկ շեմը հաղթահարած երեք կուսակցությունները մանդատները կկիսեն հետeuյալ կերպ՝ «Իմ քայլը» դաշինքը ստանում է 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այս պահի դրությամբ ինքնաբացարկի մասին դիմումներ չկան: «Առաջարկել ենք, որ այդ ժամկետներում ներկայացնեն ինքնաբացարկները: Որպես այդպիսին, վերջնաժամկետ չի սահմանվում, որովհետեւ նիստից րոպեներ առաջ էլ կարող է անձը ներկայանալ եւ ինքնաբացարկ հատնել», – նշեց նա:

Միաժամանակ ԿԸՀ նախագահը հստակ չի նշում, թե երբ է տեղի ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստը: Սակայն արդեն հստակ է, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին: Այդպիսի ժամկետ է սահմանվել նաեւ` հաշվի առնելով առաջիկա տոների կապակցությամբ ոչ աշխատանքային օրերը, որպեսզի հնարավոր լինի ամեն ինչ կազմակերպել մինչ այդ ժամկետը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը նշեց, թե կուսակցության թեկնածուների կողմից ինքնաբացարկներ չկան, եւ այն մարդիկ, ում մանդատ է հասնում, կվերցնեն դրանք, իրենց գործունեությունը կշարունակեն խորհրդարանում:

Հետաքրքիր է, որ այս անգամ ինքնաբացարկի մասին դիմումներ չկան եւ չեն լինելու նաեւ ԲՀԿ-ի կողմից: Ոչ մեկ անգամ գրել ենք այն մասին, որ մշտապես ընտրություններից առաջ թեկնածուները մանդատներից հրաժարվելու մասին դիմումներ են գրել, եւ ընտրություններից հետո կուսակցությունների վերնախավերն են որոշել` ով կգնա խորհրդարան, ով` ոչ: Սակայն այս անգամ ԲՀԿ-ի թեկնածուները նման դիմումներ գրած չեն եղել եւ մանդատից հրաժարվողներ եւս չեն լինի. ովքեր մանդատ են ստացել, գնալու են խորհրդարան։

Եվ այս պարագայում հետաքրքիր է, թե ովքեր ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն «Իմ քայլը» դաշինքից: Արդեն հայտնի է, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում օպտիմալացված նախարարությունների ղեկավարները` Լիլիթ Մակունցը, Մխիթար Հայրապետյանը եւ այլք, կգործուղվեն խորհրդարան, մարզպետները եւ կառավարության կազմում ներգրավված թեկնածուների մեծ մասն էլ կվերադառնան իրենց աշխատանքին: Չնայած ցուցակը գրեթե պատրաստ է, սակայն այս պահի դրությամբ ինքնաբացարկներ դեռեւս չկան: Հաշվի առնելով նախկին ընտրությունների փորձերը` ինքնաբացարկի մասին դիմումներ թերեւս կլինեն հենց վերջին օրը` դեկտեմբերի 28-ին: Սակայն չմոռանանք, որ պատգամավորները եւ պատգամավորների թեկնածուները մանդատից հրաժարվելու մասին դիմումներ կարող են ներկայացնել ցանկացած պահի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը եւ բոլոր մարզպետները: Հայտնի է նաեւ, որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ, իսկ Արարատ Միրզոյանի՝ պատգամավորի թեկնածուների թիմը, ովքեր անցողիկ տեղերում էին, նրա հետ կգործուղվեն խորհրդարան:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս