Հանրապետության հրապարակում մոտ 150 հազար դոլար արժողությամբ նոր տոնածառ տեղադրելու որոշումը արդարացված է համարում երևանցիների 70,6%-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` այս մասին վկայում են «GALLUP International association»-ի իրականացրած «Երևանցիները Երևանի մասին» խորագրով հարցման արդյունքները:
«Մենք քաղաքացիներին այսպիսի հարց ենք ուղղել. «Այս տարի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Հանրապետության հրապարակում տեղադրվեց մոտ 150 000 դոլար արժողությամբ նոր տոնածառ: Ըստ Ձեզ՝ այս որոշումն արդարացվա՞ծ էր, թե ոչ»: 44,7%-ը նշեց, որ միանշանակ արդարացված է, 25,9%-ը` ավելի շուտ արդարացված է, 13,3%-ի կարծիքով` ավելի շուտ արդարացված չէ, և 12,5%-ի կարծիքով` ընդհանրապես արդարացված չէ` 13,3%-ը: Ընդհանուր առմամբ` նոր տոնածառ տեղադրելու մասին որոշումը արդարացված է համարում հարցվածների 70,6%-ը»,- ասաց Նավասարդյանը:
Հարցման ընթացքում երևանցիները գնահատել են նաև մայրաքաղաքի ընդհանուր արտաքին տեսքը: Հարցվածների 20,3%-ն այն գնահատել է շատ լավ, 2,7%-ը` շատ վատ:
Հարցումն իրականացվել է դեկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 602 քաղաքացի: