Քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանն սկսել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը: Այս մասին իր էջում գրել է ՀՀ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից (լուսանկարներում նշված է կանաչով):
Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երեւան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ: Նշեմ, որ կանաչապատման ենթակա տարածքում գործող բոլոր սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն հարակից հատվածներում եւս, այսինքն, կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը: Քաղաքապետարանը պայմանագրի սույն դրույթը իրացնելու դեպքում տնտեսվարողին փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Այնուհանդերձ, քաղաքի իշխանությունները հավատարիմ են ձեռնարկատիրությունը խթանելու իրենց քաղաքականությանը, եւ նշված տնտեսվարողները, բնականաբար, կարող են շարունակել իրենց բիզնեսը քաղաքի այլ, ավելի պատշաճ հատվածներում:
Նշածս տարածքներն ազատելուց եւ դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տարածքը արդեն այս գարնան սկզբից»: