Երեկ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ամփոփիչ ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու իր պաշտոնավարման ամիսները: «Ժողովուրդ» օրաթերթը Զեյնալյանից հետաքրքրվեց՝ արդյոք Երեւան Կենտրոն ՔԿՀ այցի ժամանակ հանդիպե՞լ է ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի հետ կամ Մանվել Գրիգորյանի հետ:
«Նրանց նկատմամբ ընտրված է խափանման միջոց կալանք, եւ նրանք դատապարտյալներ չեն, եւ այստեղ տարբերություն կա դատապարտյալի եւ կալանավորի միջեւ: Դատապարտյալի այցելության վերաբերյալ մի փոքր ավելի ազատ է պաշտոնատար անձը հայտարարել, քան կալանավորի»,-ասաց նա եւ նշեց, որ ձեռնպահ կմնա այցելության վերաբերյալ որեւէ փաստ ներկայացնել նրանց մասով:
Սակայն ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը նշեց, որ տեսել է Հոկտեբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին` ի՞նչ են զրուցել, նախարարը չմանրամասնեց` նշելով, որ պահման վայրի վերաբերյալ, բնականաբար, հարցեր է տվել: «Ասեմ նաեւ, որ խորհուրդ եմ տվել ավելի շատ զբաղվել սպորտով, որովհետեւ դրա անհրաժեշտությունը կար»:
Նախարարը, անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը, ասաց. «Առաջիկայում պարզ կդառնա՝ արդյոք ես կշարունակե՞մ պաշտոնավարել, թե՞ ոչ: Նախարարի պաշտոնը քաղաքական է, այն մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի եւ վարչապետի հայեցողությամբ»:
Ինչեւէ, ասուլիսից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հասկանալու համար, թե նա գոհ է իր կատարած աշխատանքից, որ հասցրել է իրականացնել` շուրջ 8 ամիս լինելով ՀՀ արդարադատության նախարար եւ, առհասարակ, ինչպես կմեկնաբանի նախարարության աշխատակիցներին այն տեսակետը, որ իր ղեկավարման օրոք Արդարադատության նախարարությունը հետաընթաց է ապրել:
-Պարո՛ն Զեյնալյան, Դուք շուրջ 8 ամիս է, ինչ զբաղեցնում եք արդարադատության նախարարի պաշտոնը. Դուք գո՞հ եք Ձեր կատարած աշխատանքից:
-Բնականաբար, մեր ձգտումները շատ ավելին են, քան մենք կարողանում ենք հասցնել անել: Ես հուսով եմ, որ երբեք չեմ հասնի այն նպատակներին, երազներին, որ ունեմ, նրանք միշտ առաջ են ընկած այն իրողություներից, որոնց հասել եմ: Բայց դրանք կան եւ դրանք բոլորը իրականություն դառնալու են:
-Հետաքրքրվե՞լ եք` Արդարադատության նախարարության աշխատակիցները գո՞հ են Ձեր պաշտոնավարումից:
-Ճիշտ կլինի այդ հարցը մեկուսի եւ անանուն ձեւով տալ նախարարության աշխատակիցների եւ ստանալ պատասխան, ինձ հետաքրքիր կլինի:
-Տեսակետ կա, որ այդքան էլ գոհ չեն` նշելով, որ Ձեր ղեկավարման ընթացքում նախարարության գործունեությունը հետընթաց է ապրել:
-Կսպասեմ այդ հարցումների հրապարակմանը: Ես այլ ազդակներ եմ ստանում տարբեր տեղերից:
-8 ամիս է, ինչ նախարար եք: Կոնկրետ մեկ աշխատանք նշեք, որը իրականացրել եք անձամբ եւ գոհ եք, որ դա արել եք:
-Դժվար է առանձնացնել մեկը, սակայն կարող եմ ասել հետեւյալը, որ այսքան տարի մեկը չասեմ, գոնե երկուսը ասեմ:
-Կարող եք երեքն ասել:
-Նախ, որ քրեակատարողական հիմնարկների կեսի գերբեռնվածության խնդիրն է լուծվել, էապես նվազեցվել է քրեական ենթամշակույթի ազդեցությունը քրեակատարողական հիմնարկներում, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդություններ են ներկայացրել նաեւ ցմահ ազատազրկվածների համար:
-Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին բազմիցս խոսվեց: Ձեզ անձամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը քանի՞ անգամ է դիմել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով:
-Արդարադատության նախարարն է, ըստ օրենքի, միջնորդություն ներկայացնում կամ փաստաթուղթ ներկայացնում Բարձրագույն դատական խորհրդին: Իմ պաշտոնավարման ժամանակ երկու կարգապահական վարույթ է հարուցվել դատավորների նկատմամբ:
-Կոնկրետ կասե՞ք` ովքեր են այդ դատավորները:
-Դա օրենքով պահպանվող գաղտնիք է:
-Դուք նշեցիք, որ հանդիպել եք հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ: Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեկը մյուսի հետեւից նախկինում տեղի ունեցած աղմկահարույց գործերին նոր ընթացք է տալիս: Արդյոք Ձեր այցը կապվա՞ծ է այն հանգամանքի հետ, որ չի բացառվում` իրավապահ համակարգը հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտելուն ուղղված նոր քննություն սկսի:
-Այդ թեմայով մենք չենք խոսել, եւ այնտեղ այցելել եմ` որպես համակարգի պատասխանատու անձնավորություն, եւ անձնական որեւէ վերաբերմունք չպետք է ցուցաբերեմ դատապարտյալի նկատմամբ, ես կաշկանդված եմ իմ կարգավիճակով, պաշտոնով եւ անձնական դրսեւորում չպետք է ունենամ, զերծ պետք է մնալ այդպիսի ազդակներից:
-Գոնե կասե՞ք` նա տեղյակ է, որ երկրում իշխանափոխություն է եղել: Արդյոք հեղափոխության ալիքը հասե՞լ է Երեւան «Կենտրոն» ՔԿՀ:
-Մենք անձնական մասնավոր զրույց չենք ունեցել, իմ այցելությունը պայմանավորված էր իմ կարգավիճակով: Իսկ հեղափոխությունը իր ազդեցությունը ունեցել է, թե ոչ… կարծում եմ՝ ունեցել է, քանի որ դատապարտյալները, կալանավորները իրենց գոհունակությունն էին հայտնում ե՛ւ փաստարկված սննդի որակի վերաբերյալ, ե՛ւ մի շարք այլ ատրիբուտների նկատմամբ, հեղափոխությունը իր ազդեցությունը ունեցել է այս ոլորտի վրա:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՊՆ ՌՈՒՄԲԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ պաշտպանության նախարարությունում ռումբի տեղադրման մասին ահազանգի գործով նախաքննութունը ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դավիթ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. Հունիսի 21-ին` ժամը 08:47-ին, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի իր տանից իր անվամբ գրանցված եւ իր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին եւ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել: Մեզ հասած լուրերի համաձայն` նա այս քայլին գնացել է, քանի որ ՊՆ-ի հետ կապված հարցեր է ունեցել, որոնք լուծում չեն ստացել:
ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Կանանց տոնը նշելու եւ բարեգործություն իրականացնելու անվան տակ համայնքապետարանի պաշտոնյաները գումարներ են յուրացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրակավանի համայնքապետ Մարատ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա համայնքապետարանի հաշվապահ Սլավիկ Վարոսյանի հետ նախնական համաձայնությամբ, համայնքի ավագանու 2016թ – 2017թ. որոշումների համաձայն, սոցիալապես անապահով ընտանիքներին իբրեւ դրամական օգնություն համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր խոշոր չափերի 925.000ՀՀ դրամ գումար եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացման եղանակով հափշտակել է: Այնուհետեւ Մ.Մկրտչյանը եւ Ս.Վարոսյանը Շիրակավան համայնքում Ամանորի, Կանանց միջազգային օրվա եւ այլ տոների միջոցառումներ կազմակերպելու նպատակով 2017թ. ապրիլ, հունիս, օգոստոս եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում Արթիկ քաղաքում գտնվող առեւտրի սրահից անկանխիկ եղանակով ընդհանուր 1.5 մլն ՀՀ դրամ գումարի չափով տարբեր ապրանքների գնումներ են կատարել, որոնց մի մասով կազմակերպել են միջոցառումները, իսկ խոշոր չափերի` 584.000 ՀՀ դրամ արժողությամբ մի շարք ապրանքներ համայնքապետարանի հաշվապահ Ս.Վարոսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացման եղանակով հափշտակել է: Մարատ Մկրտչյանի, Սլավիկ Վարոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալը:
2 ՓՈՐՁ
Արտակարգ դեպք է գրանցվել Արարատի մարզում. 17-ամյա բնակչուհին, որը սովորում է դպրոցի 12-րդ դասարանում, օրերս փորձել է ինքնասպանություն գործել` թունաքիմիկատ խմելով, սակայն ժամանակին կանխել է մայրը: Դա անչափահասի ինքնասպանության երկրորդ փորձն էր. առաջին փորձը գրանցվել էր ամռանը, երբ պարանով փորձել է կախվել: Այդ ժամանակ եւս օգնության էր հասել մայրը: Պարզվում է` անչափահասի նման ծայրահեղ քայլի գնալու պատճառը համադասարանցու անհաջող կատակն էր, ով սպառնացել է նրա ծնողներին պատմել նրա գաղտնիքի մասին:
ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետեւակային ականի պայթյունի հետեւանքով ՊԲ 2 սպա մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր տեղեկություններին, վիրավորներն են ՊԲ սպաներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։
Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել ՊԲ զորամասերից մեկում ծառայող, Ապարանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանի հետ, ով հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, երեկ տեղափոխվել է Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Նշված 3 փաստերով Արցախի պաշտպանության բանակում նախաքննություն է սկսվել։
ՊԲ-ի փոխանցմամբ` նախօրեին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Վերջինս անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ՉԻ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չի դադարեցվել: Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վ. Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Վ. Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրգործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար:
ՉԵՆ ԴԻՄԻ
«Մենք» դաշինքը դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման համար Սահմանադրական դատարան դիմելու պատճառ չի տեսնում: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, որը նաեւ «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու էր առաջադրվել, հայտնել է, որ դաշինքի կողմից չեն գրանցվել այնպիսի խախտումներ, որոնք թույլ կտան դիմել Սահմանադրական դատարան:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
Արարատի քաղաքապետարանի մոտ երեկ վաղ առավոտից հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջում էին քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը։ Անարդյունավետ որակելով քաղաքապետի աշխատանքը՝ պնդում էին, թե նրա պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում Արարատում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել. «Միայն պաշտոնական դիրքի չարաշահումներ, յուրացումներ, թերացումներ, բազմաթիվ ֆինանսական միջոցների կորուստներ»: