ԵՐԿՈՒ ՀԱՅԻ ԵՎ ՄԵԿ ԹՈՒՐՔԻ ԹՐԱՖԻՔԻՆԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քույր եւ եղբայր  Լաուրա Զաքեւոսի Ազարյանին եւ Գագիկ Զաքեւոսի Կարապետյանին մեղավոր է  ճանաչել Քրեական օրենսգրքի 132 հոդվածի մի քանի կետերով եւ դատապարտել համապատասխանաբար 9 եւ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման` կավատության, հարկադիր աշխատանքի ու սեռական շահագործման  համար: 3-րդ հանցակցի` Լաուրայի ամուսին  թուրք Ումիթ Փուլջուի նկատմամբ հայտարարված  է հետախուզում:ՔՐՈՋ ՈՒ ԵՂԲՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸԵրկար տարիներ Ուկրաինայում բնակվելուց հետո Գագիկ Կարապետյանը 2008-ի փետրվարին վերադարձել է ծննդավայր` ՀՀ Արմավիրի մարզի գյուղերից մեկը: Ապրիլին նրան է զանգահարել Թուրքիայում բնակվող քույրը եւ հայտնել, որ ամուսնացել է ազգությամբ թուրք Ումիթ Փուլջուի հետ: Ապա առաջարկել իր ու ամուսնու կազինոյում որպես «սեղան գցող» աշխատելու համար Հայաստանում գտնել  երիտասարդ, գեղեցիկ աղջիկների:  Ընդ որում, խնդրանքը հիմնավորել է  նրանով, որ ամուսնու կազինոյում աշխատող  թուրք աղջիկների «ջրի վրա փլավ գցել չի լինի», նրանք ծխում են, փախչում հաճախորդների հետ եւ այլն, իսկ իրեն պետք են երիտասարդ, չծխող հայ աղջիկներ: Լաուրան  առաջարկել է աղջիկներին  համոզել` խոստանալով  բարձր աշխատավարձ եւ կյանքի բարեկեցիկ պայմաններ: Աղջիկների հավաքագրման նպատակով Գագիկն իր ընկերուհու միջոցով ծանոթացել է N քաղաքում որպես հավաքարար աշխատող Կիմա Սարիբեկյանի եւ աշխատանք չունեցող ու նյութական ծանր վիճակում գտնվող 1984-ին ծնված Սիրանույշ Մելիքյանի հետ, որը, սակայն,  բարեկամների հորդորներց     հետո վերջին պահին հրաժարվել  է Թուրքիա մեկնելուց: Իսկ Կիման 2008 թվականի  մայիսի 31-ին Բաթումի մաքսակետով ավտոբուսով տեղափոխվել է  Անթալիա, որտեղ շահագործման նպատակով հանձնվել  է Լարուային  եւ  Ու.Փուլջուին:«Օգտվելով վերը նշված անձանց սոցիալական վատ պայմաններից, հասարակությունում զբաղեցրած դիրքից, իրավագիտակցության ցածր մակարդակից, իրական նպատակի վերաբերյալ իրազեկված չլինելուց` Գագիկ Կարապետյանը արտերկրում     բարձր աշխատավարձով, լավ պայմաններով աշխատանք գտնելու, բարեկեցիկ կյանքով ապրելու վերաբերյալ ակնհայտ կեղծ եւ սուտ պայմաններ է առաջարկել: Նույնիսկ իր մտադրությունը թաքցնելու եւ Կիմա Սարիբեկյանին Թուրքիա գնալու մտքից չվանելու համար Գ. Կարապետյանը սկզբում ներկայացրել է, թե իբր նրան տանելու է Ուկրաինա` եղբորը պատկանող ռեստորանում բարձր աշխատավարձով աշխատելու համար, իսկ Թուրքիա գնալու մասին հայտնել է արդեն մեկնելու նախօրեին»,-նշված է մեղադրական եզրակացությունում: ԱՆԱՆՁՆԱԳԻՐ, ՍՈՎԱԾ, ՄԵՆԱԿ Օտար վայրում մենակ, սոված եւ առանց անձնագրի թողնված Կիման ամբողջ օրը պահվում է փակի տակ, բնականաբար, զրկված  ազատ տեղաշարժվելու եւ Հայաստան վերադառնալու հնարավորությունից: Սկզբում` մինչեւ 2008 թվականի նոյեմբերի սկզբները, կնոջը հարկադրել են տնային աշխատանքներ կատարել, բնականաբար, առանց վճարի, իսկ արդեն 2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից ենթարկել սեռական շահագործման: Նա մի քանի անզամ տարվել է  Անթալիայում գտնվող կազինո-բար, որտեղ կիսամերկ վիճակում զվարճացրել է թուրք հաճախորդներին, համաձայն մեղադրական եզրակացության մեջ նշվածի` «նստել նրանց գիրկը, թույլատրել համբուրել իրեն եւ ձեռք տալ մարմնի ինտիմ մասերին»: Դրա դիմաց ստացված գումարներն ամբողջությամբ վերցրել են Լաուրան եւ մյուսները:  Այնուհետեւ, Սարիբեկյանից տեղեկանալով, որ N քաղաքում բնակվող քույրը երիտասարդ, գեղեցիկ աղջիկներ ունի, Լաուրա Ազարյանը 2008թ-ի հունիս ամսին ամուսնու հետ եկել է այդ քաղաք, որտեղ ծանոթացել է 1988թ. ծնված Ինեսա  Ամիրյանի, Կարինե Կարապետյանի ու 1991թ. ծնված, 18 տարին չլրացած Սոնա Հակոբյանի հետ, որը նույնպես վերջին պահին հրաժարվել է Թուրքիա մեկնելուց: Ի տարբերություն նրա` Ինեսա Ամիրյանին եւ Կարինե Կարապետյանին 2008թ-ի օգոստոսի 7-ին Փուլջուն ավտոբուսով տարել է Անթալիա եւ ենթարկել հարկադիր աշխատանքի  ու սեռական շահագործման: Իսկ Հայաստանում մնացած Լաուրան մեկ այլ գյուղում հավաքագրել եւ  2008թ-ի սեպտեմբերի 3-ին անձամբ Բաթումի մաքսակետ է փոխադրել ու այնտեղ սպասող ամուսնուն Է հանձնել 1979թ. ծնված Լեյլի Կարապետյանին կրկին հարկադիր աշխատանքի եւ  սեռական  շահագործման:2008թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին նրանց պարտադրվել է  Անթալիայում գործող «Մելոդի», «Կարդիլա»  գիշերային կազինո-բարերում պարել պորտապար, կատարել հաճախորդների ցանկությունները, կիսամերկ նստել բարում հատուկ նախատեսված սեղանի շուրջ, հաճախորդների կանչել եւ նրանց թույլ տալ այն, ինչ վերը նկարագրված է: Պատվիրված յուրաքանչյուր ոգելից խմիչքի բաժակի կամ շշի դիմաց իրենք ստացել են թեւնոցներ, որոնք օրվա վերջում հանձնել են բարմենին եւ  դրա դիմաց ստացել գումար, որն էլ ամբողջությամբ վերցրել են Ումիթն ու Գագիկը: Այդ եղանակով օրական աշխատել են շուրջ 200 ԱՄՆ դոլար, սակայն իրենց որեւէ գումար չի  տրվել: Ումիթի տանը, որտեղ նրանք ապրել են, վերջինս եւ Գագիկը հետեւել են իրենց, սահմանափակել տեղաշարժը տան մեջ, արգելել դուրս գալ, հսկել, որպեսզի հեռախոսով հարազատների հետ խոսելու դեպքում իրականությունը չպատմեն: Եվ  կերակրել են օրական մեկ անգամ:Խմբի մասին հայտնի է դարձել, երբ ավարտվող վիզան երկարացնելու համար Բագրատաշենի անցակետի մոտից աղջիկներից մեկը փախել է Հայաստան ու հաղորդում ներկայացրել հանցագործության մասին:  ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս