Արցախի քաղաքական ղեկավարությունը չէ, որ Հայաստանի հետ տարաձայնություններ ունի. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

-Պարո՛ն Սաֆարյան, գաղտնիք չէ, որ նախորդ իշխանության օրոք Արցախի ներքին քաղաքական օրակարգը մեծապես պայմանավորված էր ՀՀ-ից թելադրվող ուղերձներով: Այսօր Արցախի քաղաքական, ռազմական վերնախավի հակասական հայտարարությունները, անհամաձայնությունները ՀՀ քաղաքական, իրավական որոշումների հետ ի՞նչ կոնտեքստում եք գնահատում:

-Կարծում եմ` այս պահին ուղղակի փորձում է կա՛մ հրապարակային արտահայտվել, թե որն է իրենց օրակարգը, կա՛մ էլ արդեն որոշակի հակասություններ են նկատվում Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ: Ես ստույգ բացատրություն չունեմ:

– Հնարավո՞ր է` Արցախը որպես քաղաքական գործուն սուբյեկտ ներկայացնելու Փաշինյանի դիրքորոշումը խթան է հանդիսանում Արցախում քաղաքական` ՀՀ-ից անջատ, ինքնիշխան բովանդակության ձեւավորման:

-Փաշինյանը շատ հստակ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում Արցախի փոխարեն բանակցել կարգավիճակի եւ այլնի շուրջ: Հայաստանը ուղղակի հասկանալի է դարձնում, եւ երեկ էլ արտգործնախարարը խոսեց, որ Հայաստանի դեպքում առաջնայինը Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունն է: Թե ինչպես է Արցախը սահմանում իր կարգավիճակը եւ անվտանգությունը, Ստեփանակերտի որոշումն է: Դատելով նրանից, որ Վիտալի Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն է` ենթադրում եմ, որ այն, ինչ նա հայտարարել է, պաշտոնական տեսակետ է եւ ոչ անձնական: Այս կտրվածքով, նորից եմ կրկնում, չունեմ բացատրությունը` արդյոք Երեւանը մինչ նման հայտարարությունը տեղյակ էրԱրցախի դիրքորոշման մասին, թե ուղղակի այժմ Արցախը օգտագործում է այս հնարավորությունը եւ հասկանալի է դարձնում` ինչն է իր համար ընդունելի,ինչն ընդունելի չէ: Բայց մի բան ակնհայտ է. այն, որ, ըստ էության, Արցախի անունից արվող այդ հայտարարությամբ մերժվում է անցած տասնամյակներիբանակցային բանաձեւը` «տարածքներ կարգավիճակի դիմաց»: Հիմա Փաշինյանը ընդամենը ասել է, որ իր խնդիրն է Արցախին բանակցությունների կողմ դարձնելը: Երբ այս խնդիրը լուծվի, բնականաբար, նոր կարելի կլինի խոսել, որ Արցախն իսկապես բանակցություններում ներկայանում է այդ նույն բանաձեւով, այսինքն` մերժում է որեւէ տեսակի տարածքային փոխզիջում` թեկուզ եւ կարգավիճակի դիմաց:

-Արցախի հարցի կոնտեքստից դուրս, զուտ ներքաղաքական դիրքավորման առումով Արցախի ռազմաքաղաքական վերնախավը ի՞ր օրակարգն է առաջ քաշում, թե՞ որոշակի «ստվերային կառավարում» է իրականացվում ՀՀ նախկին իշխանությունների կողմից:

-Ես կարծում եմ` ուղղակի Արցախի ղեկավարությունը այս պահին բավականին բարձր շեմ է դնում հետագա քաղաքական զարգացումներում իր տեսակետը հայտնելու առումով` կլինի դա համաձայնություն, թե անհամաձայնություն Հայաստանի իշխանությունների հետ: Բայց նորից եմ կրկնում` որքանով է համաձայնեցված այդ ամենը Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ, ես որեւէ փաստ չունեմ, առավելեւս չեմ կարող ասել, թե ով է այդպիսի օրակարգ թելադրում վարագույրից անդին:

-Հավանական համարո՞ւմ եք, ասենք, հայկական երկրորդ պետության ձեւավորման համահայկական կոնցեպտի իրագործումը ՀՀ-ի եւ Արցախի կողմից:

-Նիկոլ Փաշինյանն անցած տարվա մայիսի 8-ին, 9-ին Արցախ այցելելիս գրեթե բաց ակնարկեց հեռանկարում միացյալ պետության խնդիրը, բայց որքանով տեղի ունեցող զարգացումները համաձայնեցված են եւ տանում են դրան, դեռեւս, այսպես ասենք, այլ նշաններ չկան:Մենք ունենք «Դաշնակցության» կոչը Արցախից, որտեղ խոսում էր Հայաստանի եւ Արցախի միջեւ իրավապայմանագրային բազայի հստակեցման վերաբերյալ, բայց մենք չունենք պաշտոնական Ստեփանակերտի ցանկությունը` ուղղված Երեւանին, դիտարկելու Հայաստանի հետ միացումը: Այդ տեսակետը մոտավոր հետեւություն է Արցախի քաղաքական վարքագծից` խիստ անջատ, հակասական, նույնիսկ հակադրվող հայտարարություններով: Կարծես ոչ միայն միջազգային ասպեկտով որպես քաղաքական ինքնուրույն սուբյեկտ ներկայանալու, այլեւ Հայաստանից անկախ քաղաքական օրակարգ մշակելու խնդիր է դրվում: Առանց Հայաստանի նրանք չեն կարող: Ի վերջո, նկատելի է, որ ռազմական թեւը փորձում է ավելի անզիջում դիքավորվել բանակցային գործընթացի նկատմամբ: Որքանով դա լուրջ խնդիրներ կստեղծի քաղաքական ղեկավարության համար, այդ թվում` Հայաստանի, ես այս պահին կդժվարանամ որեւէ կանխատեսում անել: Նորից եմ կրկնում, նախկին բոլոր հանդիպումներից առաջ եւ հետո Հայաստանի ղեկավարությունը` կլինի դա վարչապետ, թե արտգործնախարար, հանդիպել են իրենց արցախցի գործընկերների հետ, բնականաբար, բացատրել են` ինչ են պատրաստվում անել,լսել են Արցախի կողմին, թե նա ինչ էուզում անել, եւ, ըստ այդմ, նաեւ նման հանդիպումներից հետո ունեցել են կոնտակտներ` ներկայացնելով, թե ուր է հասել պրոցեսը: Եթե մենք ուղղակի խոսենք ռազմաքաղաքական էլիտայի մասին, այսպես ասած, հնարավոր բունտի մասին, այդ դեպքում մենք պիտի ընդունենք, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը չէ, որ Հայաստանի հետ տարաձայնություններ ունի, այլ միգուցե Արցախի ռազմական էլիտան, բայց ոչ ամբողջությամբ Ստեփանակերտը, որովհետեւ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է քանիցս Ղարաբաղի արտգործնախարարի հետ, Նիկոլ Փաշինյանը` Բակո Սահակյանի հետ: Հետեւաբար, չեմ կարծում, որ որեւէ անցանկալի կամ չհամաձայնեցված բան լինի նրանց միջեւ այս ընթացքում: Ինչով է բացատրվում այդ հայտարարությունը կոնկրետ Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից, սա, թերեւս, պիտի Արցախը մեկնաբանի` արդյոք Վիտալի Բալասանյանը իր անձնական տեսակետն է հայտնել, թե դա պաշտոնական Ստեփանակերտի տեսակետն է:

Մարիամ Դանիելյան




Լրահոս