«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը կրկին բողոքի են դուրս եկել՝ պնդելով, որ իրավապահ համակարգը ոչինչ չի անում հանցագործությունները բացահայտելու համար: Ավելին, նրանք հայտարարում են, որ այդ գործերը կոծկելու հարցում մեծ դեր ունի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կոստանյանը պնդել է, թե իր պաշտոնավարման օրոք կասեցված գործերը վերաբացվել են, դրանցից մեկով նույնիսկ սպա կա դատապարտված:
Միաժամանակ, իր հասցեին քննադատությունների վերաբերյալ Կոստանյանն ուշագրավ ակնարկ է արել. «Դուք մտածեք, թե ինչու են սլաքները ինձ ուղղում, քանի որ չեմ հասկանում, չեմ ցանկանա գնալ այն կանխավարկածով, որ որոշ անձինք այս հանգամանքը ուզում են օգտագործել ինձ վարկաբեկելու նպատակով: Ես երեք տարի է՝ ինչ գլխավոր դատախազ չեմ, այդ դեպքում ինչո՞ւ գործերը չեն բացահայտվել: Եվ մի բան էլ՝ ես զինդատախազ եմ նշանակվել 2011-ին, իսկ այդ գործերը իմ նշանակումից 1, 5, 10 տարի առաջվա են: Ես չբացահայտված գործ չեմ ունեցել, մնացած հետեւությունները դուք արեք»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում