Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Արսեն Թորոսյանն ու Դմիտրի Կոստեննիկովն անդրադարձել են նաև ծխախոտի և ծխելու դեմ պայքարին: Ռուսաստանի գործընկերները կիսվել են իրենց երկրի փորձով, պատրաստակամություն հայտնել աջակցելու ծխելու և ծխախոտի դեմ պայքարում` իրավական դաշտում բարեփոխումների համատեքստում նաև տրամադրելով փորձագիտական, տեղեկատվական ու կիրառական բնույթի խորհրդատվություն:
Այս առումով կողմերը փոխգործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծխելու դեմ պայքարում Հայաստանում մեկնարկած քայլերը նաև անդրադարձել տարվա ընթացքում եղած հանրային քննարկումներին:
«Ռուսաստանի փորձը շատ օգտակար է Հայաստանի համար և մեր նախարարությունների միջև փոխգործակցությունը շատ կարևոր է: Այստեղ տեսնում ենք ռուս զբոսաշրջիկների, որոնք զարմանում են ռեստորաններում ծխախոտի օգտագործման համար: Վստահ եմ, որ քննարկումները շատ բուռն են անցնելու մեր երկրում, բայց միաժամանակ կարծում եմ, որ ճիշտ բացատրելու դեպքում օրենքը կընդունվի հենց այս տարի»,- ասաց նա, հավելելով, որ ծխախոտի օգտագործումը չարորակ նորագոյացությունների, մասնավորապես՝ շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկային գործոնն է:
ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովիննշել է, որ ծխելու դեմ օրենքը իրենց երկրում ուժի մեջ է մտել այնպիսի ժամանակահատվածում (2014թվականին), երբ երկրում ճգնաժամային իրավիճակ էր և թերահավատորեն կարծում էին, թե սննդի կետերը կտուժեն, բայց ժամանակը ցույց է տվել, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը:
Ռուսաստանի ներկայացուցիչները կիսվել են թեմայի վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներով: Ըստ մշտադիտարկման արդյունքների` հասարակական սննդի կետերը օրենքի ընդունումից մեկ օր հետո 94-96%-ովսկսել են հետևել ծխախոտը արգելող օրենքին:
2009 թվականի տվյալներով` Ռուսաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը մեծահասակ բնակչության շրջանում կազմել է 39,4%, որից 60,7% տղամարդ և 21,7% կին:Երկրում տարեկան գրեթե 400 հազար մարդու մահվան պատճառը կապվել է ծխախոտի օգտագործման հետ:
2016 թվականին ծխախոտի օգտագործման տարածվածությունը չափահաս բնակչության շրջանում կազմել է 30,9%, որից տղամարդկանց շրջանում 50,9%, իսկ կանանց շրջանում 14,3%:
Ռուսաստանում ծխախոտ օգտագործողների թիվը նվազել է շուրջ 10%-ով: