Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` նշելով, որ երկու երկրներին միավորում են ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված կապերը: Գոհունակությամբ արձանագրելով միջպետական հարաբերություններում և բարձրաստիճան շփումներում առկա բարձր դինամիկան՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը՝ եղբայրական Կիպրոսի հետ տարբեր բնագավառներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցությունն առավել խորացնելու և նոր որակ հաղորդելու ուղղությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նիկոս Խրիստոդուլիդեսին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կառավարության զարգացման ծրագիրը, որը միտված է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտների զարգացման հիման վրա տնտեսության խթանմանը:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ամուր իրավական հիմք է ծառայում Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով:

Հանդիպման ընթացքում կարևորվեց Կիպրոսի հետ միջազգային և տարածաշրջանային տարբեր հարթակների և նախաձեռնությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը։




Լրահոս