«Նեմրա» -ի Վանը, մոգական 11 թիվը եւ երկրպագուների անակնկալը՝ մոռացկոտ երգչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողների դատին է ներկայացնում շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմելու ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը «Նեմրա» ռոք խմբի վոկալիստ Վան Եղիազարյանն է: Նա խոսեց իր կյանքից մի անհավատալի երեւույթի եւ մի անհավատալի դեպքի մասին:

Վանը նշեց զարմանալի մի հանգամանք, որն իր կյանքում արդեն օրինաչափություն է դարձել: Խոսքը 11 թվի մոգական ազդեցության մասին է. «Այդ թեմայով արդեն նույնիսկ երգ եւ տեսահոլովակ ունեմ: 11 տարեկանից հետո այդ թիվը սկսել է ինձ հետապնդել: Հիշում եմ՝ դա սկսվեց այն բանից հետո, երբ ես խնդրեցի, որ ֆուտբոլային շապիկիս ետնամասում 11 թիվը գրվի, քանի որ այդ համարի ներքո ոչ ոք չէր խաղում:

Հիմա կհարցնեք՝ ինչպես է, որ այդ թվից պրծում չունես: Ասեմ, օրինակ՝ եղել է, որ մեկնել ենք հյուրախաղերի, եւ ինձ հյուրընկալել են հենց 11-րդ համարի սենյակում: Ես դա առավոտը նոր նկատել եմ: Հաճախ է ստացվել այնպես, որ երգերիս երկարությունը կազմել է 5 րոպե 6 վայրկյան. այս թվերի գումարը 11 է: Վերջերս, օրինակ, ինձ հրավիրեցին ֆոտոսեսիայի մի հյուրանոցում, ասացին. «Արի 11-րդ հարկ, 11-րդ սենյակ»: Ասացի. «Ծաղրու՞մ եք»: Բայց պարզվեց, որ իրենք իմ կյանքում այդ թվի նշանակության մասին անգամ չէին լսել»,-պատմեց Վանը:
Բացի այդ՝ երգիչը հիշեց մի դրվագ իր բեմական կյանքից, որը ե՛ւ անհավատալի է, ե՛ւ զվարճալի ու տպավորիչ: Պարզվում է՝ հաճախ է պատահում այնպես, որ Վանը ելույթների ժամանակ մոռանում կամ շփոթում է իր իսկ երգերի բառերը. «Մի անգամ, եթե չեմ սխալվում, 2017-ին, երկրպագուներս, զգալով վտանգը, շատ մեծ պաստառի վրա գրել էին երգիս խոսքերն ու բարձր պահել: Իսկապես շատ ծիծաղելի էր, բայց ասեմ, որ ահագին օգնեց»,-ծիծաղելով պատմեց Վանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս