«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է ահազանգել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալ Արմինե Մանուկյանը եւ հայտնել, որ 2018 թվականի համաներման 2-րդ հոդվածի առաջին կետը տարածվում է իր վրա, եւ նա կարող է հայտնվել ազատության մեջ, բայց մեկ այլ տեղ իր գործողությունների մասով դատաքննություն է ընթանում:
Դատապարտյալին ասել են, որ նա չի կարող հայտնվել ազատության մեջ. դատավճիռների համակցությունների հարցն են առաջ քաշել: Այսինքն` եթե անձը որեւէ արարքի համար դատապարտվել է, ու համաներումը տարածվում է նրա վրա, նա չի կարող ազատ արձակվել, եթե իր մեկ այլ արարքի գործով դեռ դատաքննություն է ընթանում: Կին դատապարտյալը հայտնում է, որ միգուցե այդ դատաքննությունը երեք տարի շարունակվի, ինքը ինչո՞ւ պետք է մնա անազատության մեջ:
Կին դատապարտյալներն ասում են, որ իրենց թույլ չեն տալիս աղմուկ բարձրացնել, եւ հայտնեցին, որ ՔԿՀ աշխատակիցները դատապարտյալների միջոցով իրենց նկատմամբ բռնություն են կիրառում, որ կանխեն բողոքները: Արմինե Մանուկյանը հայտնեց, որ իրեն Քրիստինե Ներսիսյանը, Անժելա Սահակյանը դատապարտյալների ներկայությամբ կացարանից հանել են եւ «ռազբորկայի» են կանչել: Այդ ամենի ականատես են եղել ՔԿՀ աշխատակիցները եւ որեւէ կերպ չեն միջամտել:
Մեր այս հրապարակումից հետո ՔԿՀ-ում քննություն է սկսվել` հասկանալու համար, թե ինչ է կատարվել. ավելին` մեզ հայտնի դարձավ, որ անգամ բժիշկներ են այցելել ՔԿՀ եւ ստուգել են Արմինե Մանուկյանին` հասկանալու համար, թե իր վրա բռնության հետքեր կան, թե ոչ: Ու մինչ ՔԿՀ-ում քննություն է ընթանում, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է ահազանգել ենթադրյալ բռնություն իրականացրած Քրիստինե Ներսիսյանը եւ հայտնել, որ նման բան չի եղել, եւ տարվող քննությունը կապացուցի իր անմեղությունը: