Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվարին, ըստ ոլորտների, հետաքրքիր պատկեր է ունեցել: Օրինակ` մշակող արդյունաբերությունն աճել է 8 տոկոսով, առեւտուրը` 13.1-ով, իսկ ծառայությունները` 17.5 տոկոսով: Բայց այս տվյալներում հատկապես հետաքրքիրն այն է, որ սննդամթերքի արտադրությունն է աճել 25 տոկոսով, խմիչքի արտադրությունը` 30-ով, ծխախոտինը` 17 տոկոսով:
Նշենք, որ տեւական ժամանակ է՝ ակտիվ քննարկումներ են ընթանում ծխելու դեմ պայքարի շրջանակներում: Ու, հատկապես, կառավարության տնտեսական բլոկը հակադրվում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին` ասելով, որ ծխելու դեմ պայքարը կարող է վնասել տնտեսությանը, ըստ այդմ՝ հարկային մուտքերին: Նման գնահատականները, պարզվում է, այնքան էլ անհիմն չեն, որովհետեւ երկու ամիսներին միայն ծխախոտի արտադրության ոլորտում գրանցված աճը կազմել է 17 տոկոս:
Այլեւս փաստ է, որ ծխախոտի արտադրությունն իր լուրջ դերակատարությունն ունի տնտեսության մեջ:
Մյուս կողմից` նկատենք, որ սիգարետների արտադրության ծավալները 2018 թվականի ընթացքում, 2017-ի համեմատ, 11 տոկոսով ավելացել են:
Բացի այդ, բավական է միայն հիշել, որ 2018 թվականին Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե մուծել է 42.2 մլրդ դրամ հարկ: Ավելին, մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների առաջին երկու տասնյակում կա՛մ ծխախոտ արտադրողներ են, կա՛մ ծխախոտ ներկրողներ: Ու ակնհայտ է, որ այս դեպքում հարկային մուտքերը էականորեն կկրճատվեն, եթե ծխելու դեմ պայքարը խիստ բնույթ կրի: Իհարկե, որոշակի սահմանափակումներ մտցնել պետք է. չէ՞ որ այն ամբողջ աշխարհում ընդունված ու ճիշտ պրակտիկա է, բայց առանց բացարձակ սահմանափակումների:
Սյունէ Համբարձումյան