«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախկին նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
-Պարո՛ն Զաքարյան, մարտի 29-ին տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպումը: Ըստ Ձեզ` ի՞նչ կարելի է արձանագրել այդ հանդիպումից. Փաշինյանը համարել է դրական: Ի՞նչ տվեց երկու երկրների ղեկավարների հանդիպումը:
-Նախ` այն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին պաշտոնական շփումն էր արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը վերագործարկելու համար: Դատելով Փաշինյանի եւ Ալիեւի նախնական մեկնաբանություններից, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունից` ստարտային բանակցությունները, կարծես թե, գոհացրել են երկու կողմերին:
Սակայն ընթացքում արվող հայտարարություններից երեւում է, որ բանակցությունների վերաբերյալ կողմերի պատկերացումները նորից սկսում են հեռանալ: Սա ադրբեջանական կողմի` տարիներ շարունակվող ապակառուցողականության դրսեւորման արդյունք կարող է դիտարկվել:
-Որքանո՞վ եք իրատեսական համարում ԼՂՀ-ի` բանակցային սեղանին վերադառնալը: Ըստ շրջանառվող տեղեկությունների` այդ հանդիպման գլխավոր «մեխը» դա էր: Դուք ի՞նչ եք կարծում այս հարցի հետ կապված:
-Այդ հանդիպման գլխավոր մեխը չէր կարող լինել միայն Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու հարցը, այլապես այդ հանդիպումը կա՛մ չէր լինի, կա՛մ կտեւեր մի քանի րոպե: Վստահ եմ, որ այլ հարցեր եւս քննարկվել են, մասնավորապես կարգավորման տարրերի եւ սկզբունքների վերաբերյալ: Իհարկե, մեր կողմի պնդումները, որ Արցախը եւս պետք է պաշտոնապես բանակցող կողմ լինի, տեղին է ու պարտադիր, սակայն մինչ այդ անհրաժեշտ են ուրավգծվող լուծումներ:
Կարծում եմ, որ այդ հնարավոր լուծումների վերաբերյալ եւս քննարկումներ եղել են: Մտավախությունս այն է, որ Փաշինյանը չհայտնվի այնպիսի ծուղակում, որտեղից հետքայլը կորցնի միջազգային հանարության եւ հատկապես ԵԱՀԿ ՄԽ աջակցությունը խաղաղ կարգավորման հարցում:
-ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ անվտանգության դիմաց» ձեւաչափը այսուհետ փոխարինվում է «նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց» ձեւաչափով: Ըստ Ձեզ` պե՞տք էր այս փուլում հանդես գալ նման հայտարարությամբ: Ի՞նչ հետեւանք կարող է այն ունենալ:
-Կոնֆլիկտների կարգավորման պատմության ընթացքում «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւ աշխարհում չի եղել եւ լինել չի կարող: Մեր պարագայում դա դասական ինքնասպանություն է: Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանի պաշտպանության նախարարը: Հասկանալի է, որ նոր պատերազմի նախաձեռնողը մենք չենք լինելու:
Նախկին բոլոր նախարարներն էլ ասել են, որ եթե Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ, ապա պետք է պատրաստ լինի ընդունել մարտական գործողությունները իր ներկայիս տարածքներում: Սա պատերազմի օրենք է, եւ այն ոչ ոք չի չեղարկել: Բայց, իհարկե, մեր նպատակը դա չէ, մեր նպատակը շատ հստակ է. բանակցությունների միջոցով հասնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացմանն ու միջազգային ճանաչմանը: Իսկ խաղաղ կարգավորման ընթացքը պահպանելու համար շատ կարեւոր է 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունների կյանքի կոչելը, այլապես ղարաբաղա-ադրբեջանական սահմանը միշտ մնալու է թեժացման վտանգի տակ:
-Ադրբեջանի ԱԳՆ-ն Դ. Տոնոյանի հայտարարությունը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «հերթական ակնհայտ խոստովանությունն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առ այն, որ երկիրը վարում է թշնամական եւ նվաճողական քաղաքանություն»: Չե՞ք կարծում, որ այս հայտարարությունը վատ հետեւանքներ է ունենալու ԼՂՀ-ի լուծման հարցում:
-Նախ՝ այդտեղ նվաճողականության էլեմենտներ չեմ տեսնում: Ենթադրում եմ, որ այդ հայտարարությունը պետք է համաձայնեցված լիներ Փաշինյանի հետ: Եթե նույնիսկ չի համաձայնեցվել կամ արվել է ելույթի ընդհանուր կոնտեքստի մեջ, ապա կրկնում եմ` պաշտպանության նախարարի համար դա շատ նորմալ եւ հասկանալի հայտարարություն է: Ես շատ կոշտ կքննադատեի Դավիթ Տոնոյանին, եթե նա` որպես ՊՆ նախարար, խաղաղության եւ անվտանգության թվացյալ ապահովումը տեսներ տարածքների վերադարձի մեջ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ