Ո՞վ է Աննա Խաչատրյանին ծաղիկների փոխարեն գոմեշի մածուն և գլուխ պանիր նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ. հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Աննա Խաչատրյանն է:

Նա ժպիտով է հիշում շուրջ 15 տարի առաջ իր հետ բեմում կատարված մի դեպք: Բնական է, որ երգչուհին, հանդես գալով ամենատարբեր համերգներով, երբեւէ չի ունեցել ուշադրության, նվերների, ծաղիկների պակաս, բայց որ սահմանամերձ քաղաքներից մեկում նրան կարող էին պատվել շատ յուրահատուկ ձեւով, նա հաստատ չէր պատկերացնի:

«Հիշում եմ՝ համերգից հետո մոտավորապես 35-40 տարեկան մի տղամարդ բեմ բարձրացավ ու ծաղիկների փոխարեն ինձ գոմեշի մածուն ու գլուխ պանիր տվեց: Երգիչ-երգչուհիները դա դարձրել էին բոլոր հումորների համար թեմա, ասում էին. «Աննա՛, պատրաստվի՛ր, որ հաջորդ համերգի ժամանակ էլ պարկով կարտոֆիլ են բերելու»»,-ծիծաղելով հիշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ արտառոց նվերներն իր հետ տարել է տուն. ե՛ւ գոմեշի մածունը, ե՛ւ պանիրը շատ համեղ են եղել: «Ես իմ ստացած բոլոր նվերներն անխտիր տանում եմ տուն: Հնարավոր է՝ դրանք երբեւէ չկիրառեմ, բայց եթե այն ինձ է հասցեագրված, ուրեմն ինձ մոտ էլ պետք է լինի: Ազնավուրից սովորել եմ նաեւ ստացածս ծաղիկները երբեք չդնել գետնին: Ես կարող եմ դրանք դնել, ասենք, դաշնամուրի վրա կամ պահել ձեռքիս, խնդրել մեկին, որ ինքը պահի, բայց երբեք գետնին չեմ դնի»,-ասաց Աննան:

Ի դեպ, սա միակ ուշագրավ դեպքը չէ, որ պատահել է Աննայի հետ իր բեմական գործունեության ընթացքում: «Մի անգամ էլ եղավ այնպես, որ հանդիսատեսներից մեկը մոտեցավ ու հետ վերցրեց իր նվիրած ծաղիկները, ասաց, որ վերջին կատարողին ծաղիկ չի հասել, եւ պետք է փոխանցի նրան: Սիրով փոխանցեցի»,- պատմեց երգչուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս