Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը և կարևորել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքն ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սա առանձնակի կերպով ընդգծում է մեր ժողովուրդների և երկրների հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ խանդավառված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով և հավելել, որ մեր երկիրն այսօր հանդիսանում է դրական փոփոխությունների մոդելի լավ օրինակ: «Հայաստանում բացվել է պատմական նոր էջ և այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ»,- ասել է նա: Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության զարգացման ուղղությունները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի դեպքին, համոզմունք է հայտնել, որ առաջադեմ մարդկությունը կհամախմբվի այդ քաղաքակրթական բացառիկ արժեքը վերականգնելու գործում: