Մինչև իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեևա, որևէ դատավոր հրաժարական չի տալու. Հովհաննես Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

-Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս ստացվեց, որ դատական համակարգը դարձավ «հակահեղափոխության օջախ»: Ինչու՞ դատավորները չգնահատեցին վարչապետի աննախադեպ քայլը` զանգերից եւ հրահանգներից հրաժարվելու հետ կապված:

-Եկեք այդ տերմինոլոգիայից հրաժարվենք` հեղափոխություն, հակահեղափոխություն… Մեկ տարուց ավելի է անցել, ակտուալ չէ այլեւս, եթե չասեմ` ծիծաղելի է: Ի?նչ ասել է հեղափոխական. գործադի՞րն է հեղափոխական, որտեղ 99 տոկոսով նախկին համակարգից եկած կադրերն են աշխատում, թե՞ օրենսդիրը, որն իր աշխատաոճով, պրոֆեսիոնալիզմով ու տեմպերով զիջում է նույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանին: Խնդիրը բացարձակապես այլ է. Ժողովրդական շարժման արդյունքում ձեւավորված իշխանությունը չուզեց կամ, ավելի ճիշտ, ի զորու չեղավ ստանձնել պատասխանատվությունը դատաիրավական բարեփոխումների եւ դատական իշխանության արդյունավետ գործունեության համար, եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք: Ինչպես ժողովուրդն է ասում, «չուտողի մալը ուտողին հալալ է»…

-Կմանրամասնե՞ք` ինչ ասել է պատասխանատվություն դատական համակարգի համար: Ի՞նչ պիտի աներ Փաշինյանը, արդյոք ճի՞շտ եք համարում, որ նա շարունակեր նույնկերպ վերահսկել դատարանների գործունեությունը, ինչպես դա անում էր Սերժ Սարգսյանը:

-Անկախ եւ արդյունավետ դատարան ունենալու համար սոսկ հռչակված քաղաքական նպատակ, եվրոպական ֆիլտրեր անցած լավ օրենքներ, համապատասխան ինստիտուտներ եւ դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ նյութական պայմաններ ունենալն ու ապահովելը բավարար չէ: Անկախ եւ արդյունավետ դատարանն առաջին հերթին իրավական մշակույթն է: Հիմա պատկերացրե՛ք դատավորներ, որոնք տասնամյակներ աշխատել են` հրահանգներ կատարելով, այս կամ այն միջնորդությունների ենթարկվելով եւ այդ պայմաններում իրենց ապահով եւ պաշտպանված են զգացել: Ակնհայտ է, որ նման իրավական մշակույթ կրող դատավորները չեն փոխելու իրենց աշխարհայացքը, ընդհակառակը` փնտրելու են նոր «տանիք» եւ իրենց համար առավել բարենպաստ իրավիճակում դառնալու են առավել անպատիժ եւ սանձարձակ: Եվ, հետեւապես, ի՞նչ պիտի աներ վարչապետը: Նա ուներ երկու տարբերակ. կա՛մ շարունակում էր նախորդ իշխանության անցնցում, դանդաղ բարեփոխումների ընթացքը` պահպանելով ազդեցության լծակներ` ընդհուպ մինչեւ արդարադատության նկատմամբ վերահսկողություն եւ ներգործության հնարավորություն, կամ եթե ցանկանում էր կտրուկ, այսպես ասած, հեղափոխական լուծումներ տալ եւ որակապես նոր համակարգ ձեւավորել, պիտի անմիջապես իշխանափոխությունից հետո ծանրակշիռ քայլեր աներ` կադրային մաքրազերծում, վեթթինգի տարրեր, անցումային արդարադատության էլեմենտների գործարկում եւ այլն: Վարչապետը գնաց երրորդ, ամենավատ ճանապարհով. նախկին տրամաբանության մեջ գործող անկատար եւ հիվանդ համակարգում որեւէ բան չփոխելով` տվեց դրան լիարժեք անկախություն:

-Դատարանի դուռ փակելու հրահանգը վարչապետի կողմից հուսահատական քա՞յլ էր, թե՞, իր ասած, վիրահատական միջամտության անզգայացման փուլն էր:

-Շատ կարեւոր բան տեղի ունեցավ: Այս կոչի եւ դրան հետեւած ակցիայի արդյունքում, կարծում եմ, Փաշինյանի մոտ հոդս ցնդեց այն վստահությունը, որ դեռ շատ երկար ժամանակ իր մի կոչով ժողովրդական լայն զանգվածներ կհորդեն փողոց, եւ դա կլինի առաջիկա տարիների քաղաքական պայքարի հաղթաթուղթը: Ավաղ կյանքը եւ, հատկապես, քաղաքականությունը դաժան իրականությունից են բխում եւ մշտական ինդուլգենցիա որեւէ մեկը չունի: Առաջին կես կամ մեկ տարվա քարտ-բլանշը սպառված է, եւ վարչապետն իր թիմով կանգնած է երկրի կարեւոր մարտահրավերներին դեմ հանդիման: Արժանապատիվ եւ խելամիտ քայլերով կհաղթահարեն դրանք եւ արդյունք կարձանագրեն` այդպիսով ապահովելով իրենց տեղը Հայաստանի քաղաքական դաշտում: Փառք իրենց, կշարունակեն նույն` «հեղափոխական ռոմանտիզմի» ոճով, կմնան պատմության դասագրքերում:

-Ի՞նչ եք կարծում, ստեղծված իրավիճակում եւ վարչապետի հայտարարություններից հետո դատավորները զգաստացա՞ն, և արդյոք կլինե՞ն աշխատանքից դուրս եկող կամավորներ, թե՞ բոլորը կսպասեն վեթթինգի իրենց բաժնին:

-Վստահ եմ` մինչեւ իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեւա, որեւէ դատավոր հրաժարական չի տալու: Հատկապես վերջին տարում մեր երկրում խոսքը ոչ միշտ է գործի վերածվում: Տեսնենք` առաջիկա օրերին ինչ զարգացումներ կլինեն: Իրավիճակը լավագույններից չէ, ինչպես ասում են, բայց անլուծելի խնդիր չկա: Աշխատել է պետք:

-Եթե անկեղծ լինենք, դատավորների քանի՞ տոկոսն է, ըստ Ձեզ, հին Հայաստանի բարքերի կրող եւ ոչ մի կերպ չի կարող ադապտացվել նոր իրողություններին, կամ, ավելի կոնկրետ, Դուք ու՞մ տուն կուղարկեիք:

-Ասեմ այսպես, շատերին ճանաչում եմ: Նրանց, ում կարողություններին ծանոթ չեմ, հատկապես վերջին տարիներին համակարգը համալրած դատավորների, ընդհանուր պատկերացում ունեմ որակի եւ հնարավորությունների մասին: Կան անպիտան եւ անուղղելի կադրեր, որոնք քիչ չեն, բայց կան նաեւ պարկեշտ, գրագետ եւ չափի զգացողություն ունեցող մարդիկ, որոնք կադրային մաքրազերծումից հետո կարող են արդյունավետ աշխատանք շարունակել համակարգում: Իմ կոպիտ գնահատմամբ` մոտ 40 տոկոսը դատական կորպուսի պետք է թարմացվի:

-Այս ամենի մեջ Արցախի ֆակտորն, ըստ Ձեզ, զգոնացնո՞ղ է, թե՞ բացարձակ կապ չունի: Նկատի առնենք նաեւ Արցախի նախագահների միջնորդությունը Քոչարյանի ազատության մեջ գտնվելու հարցում:

-Նախ` միջնորդության մասին: Իրավական առումով ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Քաղաքական առումով անթույլատրելի են նմանատիպ իրավիճակներում քաղաքական երկխոսության արդյունքում ձեւավորվող կոնսենսուսային լուծումներից բացի այլ լուծումներ: Ինչքան էլ, ով էլ փորձի շաղակրատել, նման իրավիճակը չի կարող Արցախի խնդրի վրա բացասական հետք չթողնել: Էլ չասեմ Ստեփանակերտ-Երեւան լեզվական փոխհրաձգությունների մասին: Կոնկրետ դատավարությունը միգուցե բազմաթիվ հույզեր է ծնում շատ մարդկանց եւ խմբերի մոտ, բայց այդ հարցն իր նշանակությամբ ոչինչ է Արցախի ճակատագրի համեմատ:

-Կանվանեի՞ք սա հեղափոխական ռոմանտիզմ, և արդյոք այն բուժելի՞ է:

-Ես այս վիճակն անվանում եմ գորբաչովիզմ: Սա այն իրավիճակն է, երբ իշխանությունը տրվում է տեսական շաղակրատանքի, համակարգերն ու բարեփոխումները ինքնահոսի են մատնված, իսկ զարգացման ռազմավարությունն ուղղակի բացակայում է: Սա բերում է պետական մեքենայի պարալիզացման, իշխանության` որպես կուռ համակարգի խարխլման: Ի դեպ, նման իրավիճակ ունեինք նախկին իշխանության վերջին 2-3 տարիներին: Թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ երկրի ներսում հաշվի են նստում հստակ գործող, մարտահրավերների առջեւ չերկընչող եւ օրենքի «դիկտատ» ապահովող իշխանության հետ: Իսկ երերացող, խոսքը գործի չվերածող եւ պատասխանատվությունից խուսափող իշխանությունը շատ հաճախ չի հասնում մինչեւ ընտրություններ: Իրականում բարդագույն խնդիրներ են կանգնած երկրի առջեւ, ժամանակի անպտուղ վատնում ենք ունեցել, բայց լուրջ տեղաշարժի ռեսուրս կա դեռեւս: Սթափվել է պետք եւ գործել:

զրուցեց Տաթեւ Հարությունյանը




Լրահոս