30-ամյա կինը ձերբակալվել է՝ իր 7-ամյա տղա երեխայի սպանության կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան տղա երեխայի սպանության դեպքի առթիվ:
2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան տղա երեխային:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա.Մանթաշյանի գլխավորությամբ, և հայտնաբերել 7-ամյա տղա երեխայի դիակը՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 30-ամյա կինը ձերբակալվել է՝ 7 տարեկան երեխայի սպանության կասկածանքով:

Պարզվել է նաև, որ երեխայի 30-ամյա մայրը, ով Երևան քաղաքի բնակիչ է, փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, ստացվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:




Լրահոս