Ճապոնիայի երկրաշարժից հետո խաղաղօվկիանոսյան ավազանի մի շարք երկրներում ցունամիի սպառնալիք է հայտարարվել։Մինչ այս ցունամիների մասին նախազգուշացնող խաղաղօվկիանոսյան կենտրոնը (PTWC) ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացրել էր միայն Ճապոնիային, Ռուսաստանին եւ Մարիանյան կղզիներին։ Այժմ երկրների ցուցակն ընդլայնվել է` Մեքսիկա, Թայվան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հավայան կղզիներ, Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափեր եւ այլն։Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը, տեղական իշխանությունները սկսել են տարհանել Մարիանյան կղզիների բնակչությանը։Ճապոնիայի երկրաշարժերն արդեն առաջացրել են ուժեղ ցունամի` ջրի ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մ։ Որոշ շրջաններում ցունամին քշել-տարել է տներ եւ ավտոմեքենաներ։ Հսկայական ալիքը ծածկել է դաշտերն ու ճանապարհները, քանդել տներ ու կառույցներ։«Ռիա նովոստին» հայտնում է, որ Հարավային Կուրիլների Կունաշիր կղզում գրանցվել է 9մ, իսկ Շիկոտան կղզում՝ մոտ մեկ մետր բարձրությամբ ցունամի:Փորձագետների համաձայն` ցունամին կարող է հասնել Սախալինի շրջանի 3 բնակելի տարածքների մերձափնյա շրջաններ, որտեղից տարհանվել է 11 հազար մարդ։ Ճապոնիայում ներկա պահին ահագնացող ցունամիի պատճառ են դարձել այսօր գրանցված մի քանի երկրաշարժերը: 7,1 բալ ուժգնությամբ վերջին երկրաշարժը գրանցվել է Հոնսյու կղզում (էպիկենտրոնը Տոկիոյից 505կմ հյուսիս-արեւելք)։ Դրանից առաջ նույն շրջանում 8,8 բալ ուժգնությամբ (էպիկենտրոնը Տոկիոյից 373 կմ հյուսիս-արեւելք, 24կմ խորության վրա) երկրաշարժ էր տեղի ունեցել, որին հաջորդել էին եւս երկու ստորգետնյա ցնցումներ՝ 6,4-ական բալ ուժգնությամբ։ Ճապոնիայի իշխանությունները հայտնում են երկրաշարժից տուժածների մասին, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռեւս պարզ չէ։ «Իվատե պրեֆեկտուրայի արագընթաց մայրուղին մասամբ փլուզվել է ծովի մեջ, տասնյակ ավտոմեքենաներ եւ մարդիկ ընկել են ծովը»,-հայտնում է NHK հեռուստաալիքը։ Զոհվել է 32 մարդ:Միյագի պրեֆեկտուրա է եկել 10մ բարձրությամբ, հյուսիսային Հոկայդո` 6մ բարձրությամբ ցունամի։ Ցունամիի վտանգ կա նաեւ Իվատե եւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում։«Ֆրանս Պրեսս» գործակալության տվյալներով Տոկիոյում մասնակի տարհանում է իրականացվում։ Ճապոնիայի մայրաքաղաքում միացել է ուժեղ երկրաշարժի մասին նախազգուշացնող ազդանշանը, եւ կանացի ձայնը բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել ու անհրաժեշտության դեպքում հավաքվել հատուկ կետերում։Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն հայտարարել է, որ Ֆուկուսիմայում խնդիրներ են առաջացել ատոմակայանի աշխատանքի հետ կապված: Նա նշել է, որ շարքից դուրս է եկել ռեակտորի սառեցման համակարգը, որի էլեկտրասնուցումը դադարել է վթարի պատճառով: Ստեղծվել է արտակարգ շտաբ, որը զբաղվում է ատոմակայանի հարցով: Յուկիդո Էդանոն նաեւ ասել է, որ ներկայում ատոմակայանի շրջակա միջավայրին վտանգ չկա, եւ բնակչության էվակուացիայի կարիք էլ չկա, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ատոմակայանի վրա հատուկ պահեստային ծածկ կանցկացնեն:
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է. ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ