ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական բժշկական համալսարանը համարում է ամենահաջողված բուհը Հայաստանում: Հուլիսի 12-ին բուհի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ՀՀ վարչապետը իր ելույթում նշեց, որ համալսարանը արտահայտում է Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի ապագայի վերաբերյալ իր պատկերացումը:
«Խոսքը մեր բարձրագույն կրթական համակարգը միջազգայնացնելու մասին է, որպեսզի մեր բոլոր բուհերն ունենան շոշափելի տոկոսով արտասահմանցի ուսանողներ: Եվ մենք հույս ունենք, որ ԵՊԲՀ-ն ոչ միայն իր այս պրակտիկան կշարունակի և կընդլայնի, այլ նաև Հայաստանի ավելի ու ավելի շատ բուհեր ավելի ու ավելի գրավիչ կլինեն օտարերկրացի ուսանողների համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ բժշկական ծառայությունները հասանելի են իրեն, և այդպես լինի իրականում:
«Ինչպես տեսնում եք՝ մեր կառավարության համար սա առաջնահերթություն է, որպեսզի որևէ քաղաքացի որևէ առողջապահական հիմնարկի մուտքից ձեռնունայն ետ չվերադառնա: Ես ցանկանում եմ, որ մենք միասին կարողանանք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր բժշկի ձեռքը մշտապես պարզած լինի և օգնության պատրաստ ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո, այդ պատրաստակամությունն իրականություն դարձնելու իրական հնարավորություն լինի: Սա մեր հավաքական գործն է, որը մենք պետք է անենք»,- ընդգծեց Փաշինյանը:
Անդրադառնալով օտարերկրյա շրջանավարտներին՝ վարչապետը հույս հայտնեց, որ նրանք Հայաստանում ստացել են անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, հմտացել են բավարար պրոֆեսիոնալիզմով և այս տարիներին ապրել են հարազատ միջավայրում:
«Նրանք այսուհետ դառնում են Հայաստանի Հանրապետության դեսպանը իրենց երկրներում: Ես ուզում եմ հավատալ, որ նրանք իրենց երկրներում կհասնեն այնպիսի հաջողությունների, իրենց ժողովուրդներին կմատուցեն այնպիսի ծառայություններ, որ իրենց համար հպարտ կլինեն ոչ միայն իրենց ծնողները, ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլ, ընդհանրապես, Հայաստանը: Հույս ունեմ, որ նրանց օրինակը, պրոֆեսիոնալիզմը տեսնելով՝ նրանց ավելի ու ավելի շատ հայրենակիցներ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կունենան»,- եզրափակեց Փաշինյանը: