«ԱՅՍՕՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ ՊԱՏԱՆԴ ՊԱՀՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ազատման դիմում է գրել եւ այլեւս Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Դերասանի վարպետություն եւ ռեժիսուրա ամբիոնի վարիչը չէ: Ինչպես հայտնի է, ինստիտուտում ռեկտորի ընտրությունն ուղեկցվում էր ուսանողության կողմից բողոքի ակցիայով: Նրանք պահանջում էին չեղարկել ընտրության արդյունքները եւ առաջադրել այլընտրանքային թեկնածուի, որը կներկայացնի ուսանողության շահերը։ Նշենք, որ Թատերական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը։ Ուսանողները փակել էին ինստիտուտի դռները եւ պնդում էին իրենց պահանջը։

Բանակցություններից հետո ուսանողները թույլ էին տվել ինստիտուտի շենքից դուրս գալ միայն Ռուբեն Բաբայանին: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրել է ինստիտուտում տիրող իրավիճակը, իր հրաժարականի պատճառը, անդրադարձել է բուհում առկա խնդիրներին:
-Պարո՛ն Բաբայան, Ձեր ուսանողները փորձե՞լ են համոզել Ձեզ հետ կանգնել հրաժարականի մտքից:
-Ո՛չ, ես հանդիպել եմ միայն իմ կուրսի հետ, բացատրել եմ իրավիճակը, եւ նրանք հավանություն են տվել իմ որոշմանը: Բանն այն է, որ ես չեմ կարող տարիներ շարունակ սովորեցնել մի բան, գործնականում անել մեկ այլ բան: Ես սովորեցրել եմ հարգանքով վերաբերվել դիմացինին, եւ եթե ես նման կերպ չարձագանքեի ինձ սենյակում փակած ուսանողների արարքներին, բանից դուրս կգար, որ իմ խոսքերը փուչ են:
-Թավշա հեղափոխությունից հետո, կարծես թե, սովորություն է դարձել փողոցներ, բուհեր, դասասենյակներ փակելով խնդիրների մասին բարձրաձայնել: Արդյոք տվյալ պարագայում սա լավագու՞յն լուծումն է:
-Ձեր ասածի մեջ կա ճշմարտություն: Բայց եթե մենք մեկ տարի առաջ քննադատում էինք բուհերի ղեկավարներին, որոնք դռները փակում էին ուսանողների առաջ, այսօր կարող ենք արձանագրել, որ ուսանողներն են նրանց` դասախոսական կազմին, պատանդ պահում: Բայց ի՞նչ է նշանակում դա: Դռան ետեւում կանգնած են մարդիկ, եւ յուրաքանչյուրն ազատ տեղաշարժման իրավունք ունի: 25 տարի դասավանդել եմ այդ հաստատությունում, բոլոր ուսանողներին իմն եմ համարում, բայց երբ նրանք փակում են իմ առջեւ դուռն ու ասում են` «կմնաք այստեղ, որքան կամենանք», ինձ մնում է այլեւս չմտնել բուհ:
-Բայց, տեսեք, մեկ տարի առաջ նման ծայրահեղ քայլերի դիմում էին, որովհետեւ չկար երկխոսություն իշխող օղակների եւ ցուցարարների միջեւ: Այսինքն՝ վերջիններիս լսող չկար, եւ նման մեթոդը պատճառաբանված էր: Հիմա այդ երկխոսության հնարավորությունը ուսանողներին տրվե՞լ է, թե՞ ոչ:
-Իհարկե, տրվել է, ավելին՝ Կառավարման խորհրդի (որի անդամներից եմ նաեւ ես) նիստի ժամանակ ասել եմ, որ պարտադիր պետք է երկխոսություն լինի, նույնիսկ առաջարկեցի, որ խորհուրդն իր ամբողջ կազմով հանդիպի ուսանողներին, որովհետեւ նրանց բողոքները տրամաբանական են: Խորհրդի բոլոր անդամները հաճույքով համաձայնեցին: Իրականում հենց երկխոսության արդյունքում են գալիս որեւէ եզրահանգման, ոչ թե «Մահ կամ ազատություն» լոզունգն առաջ տանելով:
-Ուսանողների առաջ քաշած պահանջներից որո՞նք եք համարում արդարացված, տրամաբանված:
-Այդ պահանջները ներկայացված էին դեռեւս մեկ տարի առաջ, եւ մենք ուսանողների հետ քննարկել ենք դրանք: Ավելին՝ ես էլի կետեր կավելացնեի նրանց պահանջներում: Նախ՝ կարծում եմ՝ բակալավրիատում դերասանի վարպետությանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել, համաձայն եմ ուսանողների հետ: Կրթական համակարգը պետք է դառնա ավելի ճկուն, որպեսզի ամրապնդվի դասախոս-ուսանող կապը, եւ ուսանողները վարպետների հետ շփումից դասեր քաղեն: Պետք է ամրապնդել նաեւ բուհի միջազգային կապերը եւ այլն, եւ այլն: Բայց այս ամենը, կարծում եմ, այսպես թե այնպես, պլանավորվել էր իրականացնել: Ճանապաարհը կար, կամաց-կամաց դրան էինք գնում:
-Լիլիթ Արզումանյանը լավագույն թեկնածու՞ն է այդ ամենն իրականություն դարձնելու համար:
-Նա միակ թեկնածուն էր: Իսկ լավագույնն էր, թե ոչ, կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ լինեին մի քանի թեկնածուներ:
-Բայց ուսանողները հենց դա էին պահանջում:
-Ես ինքս միշտ կողմ եմ եղել, որպեսզի լինի մրցակցություն, բայց այս պարագայում մյուս երկու թեկնածուները օրենքով չէին կարող ռեկտոր դառնալ, ընտրությունն անցավ առանց խախտումների: Բայց անպայման կուզեմ մի բան շեշտել. ընդհանրապես, յուրաքանչյուր ստեղծագործական բուհի կրթական որակը կախված է ոչ թե ռեկտորից, այլ դասախոսներից եւ վարպետներից: Իսկ ռեկտորը կազմակերպիչն է, նրանց հետ շփումների համար պայմաններ ստեղծողը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՁԵՎԱՉԱՓԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ
Երեկ` մայիսի 23-ին, ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը այցելել էր Վայոց ձորի մարզ եւ տեղում ծանոթացել կառուցվող փոքր խաղադաշտի շինարարական աշխատանքներին: Այնուհետեւ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ե՛ւ խաղադաշտեր կառուցելու ծրագրերին, ե՛ւ հայկական ու համաշխարհային ֆուտբոլում ծագած վերջին սկանդալներին:
ՀՖՖ գլխավոր քարտուղարը նշեց, որ խաղադաշտերի կառուցման ծրագրի իրականացման համար կատարվել է մոտ 1.5 մլն դոլարի ներդրում. «Սա ընդհանուր ծրագիր է, որը իր մեջ ներառում է ամենաքիչը 51 խաղադաշտերի կառուցում, հնարավոր է` այդ թիվը ավելանա` հասնելով 77-ի, բայց հաստատ չի պակասի: Այդ ամենի համար կատարելու է մոտ 1.5մլն դոլարի ներդրում»:
Մելիքբեկյանը ասաց նաեւ, որ փոքր խաղադաշտերի կառուցումներ լինելու են Գեղարքունիքի մարզում եւս, իսկ ինչ կապված է Վարդենիս քաղաքի խաղադաշտի վերակառուցման հետ, ապա այդ հարցը ՀՖՖ-ի ծրագրերի մեջ դեռեւս չի մտում. «Մենք հիմա զբաղված ենք փոքր խաղադաշտերի կառուցման գործերով: Հետագայում կանցնենք նաեւ մեծ խաղադաշտերին, որն էլ, իհարկե, մեծապես կախված է ֆինանսից: Փոքր խաղադաշտեր կկառուցվեն Գեղարքունիքի մարզում եւս, մասնավորապես` Մեծ Մասրիկում, Ակունքում եւ Ծովակում: Ինչ որ պահի Հայաստանի բոլոր համայնքներում խաղադաշտերի կառուցման աշատանքներ կտարվեն»:
ՀՖՖ առաջին փոխնախագահը անդրադարձավ հայկական ֆուտբոլում ծագած վերջին սկանդալին. «Փյունիկ»-«Լոռի» խաղի մրցավարը արդեն որակազրկվել է անորոշ ժամանակով եւ ընթանում է այդ հարցով քննություն` կապված այն հարցի հետ՝ արդյոք մրցավարի` ակնհայտ 11մ չնշանակելը միտումնավոր էր, թե ոչ: Մրցավարական սխալներ միշտ էլ լինում են. ի վերջո, Դիեգո Մարադոնան դարձավ ձեռքով գոլի հեղինակ. դա տեսավ ողջ աշխարհը, բացի մրցավարից: Մենք չենք կարող ամեն անգամ արտերկրից մրցավարներ հրավիրել, որովհետեւ այդ ամենը լուրջ ծախսեր են պահանջում»:
Հենրիխ Մխիթարյանի մասին խոսելիս նա ասաց. «Հենրիխ Մխիթարյանը այս պահին չի ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, եւ այդ հարցը ակումբի` «Արսենալի» եւ անձամբ Մխիթարյանի որոշումն էր: Քննարկման արդյունքում որոշվել է, որ Հենրիխը, անվտանգության նկատառումներից ելնելով, չպետք է մեկնի Բաքու: Մենք հարգում ենք ակումբի եւ ֆուտբոլիստի որոշումը»:
Ի դեպ, Հայաստանի առաջնության ձեւաչափը կարող է փոխվել. «Մյուս մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, իհարկե, կլինեն մեծ փոփոխություններ: Եթե թիմերի քանակը ավելանա, ապա, իհարկե, սպասվում են նաեւ ձեւաչափի փոփոխություններ: Հնարավոր է նաեւ վերջին` 10-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմը լքի Բարձրագույն խումբը: Այս մասին ավելի մանրամասն կկարողանամ խոսել արդեն մյուս տարի»,- ասաց նա:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս