ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են պատվիրել Մասիվցի Անդիկի սպանությունը. բացառիկ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը: Սակայն նախաքննական մարմինը չէր հայտնել ամենագլխավորի մասին, թե ովքեր են պատվիրատուները: «Ժողովուրդ» օրաթերթին «օրենքով գողի» սպանության պատվիրատուների մասին մանրամասներ են հայտնի դարձել:

Այսպիսով, օգոստոս 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ պարզվել է` Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:
Վերջինս 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան եւ 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի` ատրճանակի գործադրմամբ կրակոցներ արձակելով, սպանել է Անդրանիկ Հարությունյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երեւան քաղաքի 50-ամյա տղամարդ, որը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ինչպես հայտնի է, դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ է խաղում: Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: 2 հոգին անմիջապես փախնում են, իսկ մյուս երկուսը, որոնցից մեկը հենց Անդրանիկ Հարությունյան է, ըստ ամենայնի, մտնում են բակի տաղավարի սեղանի տակ: Տեսանյութում նկատվում է, որ Անդրանիկ Հարությունյանի վրա կրակող անձը նրա հետ խոսում է եւ, ըստ էության, ինչ-որ պահանջներ է ներկայացնում, որից հետո Անդրանիկ Հարությունյանի եւ նրա վրա զենքով հարձակվող անձի միջեւ սկսվում է կռիվ: Երրորդ անձն այդ ընթացքում հասցնում է սեղանի տակից փախչել: Վազում է նաեւ Անդրանիկ Հարությունյանը, որպեսզի հեռանա իր վրա մի անգամ արդեն անհաջող կրակած անձից, սակայն կրակոցներից փախչելու փորձերը ապարդյուն են լինում: Ի վերջո, հանցագործին հաջողվում է սպանել Ադրանիկ Հարությունյանին: Ընդ որում` սպանողը բաց դեմքով էր:

Դատելով իրավիճակից` նախաքննական մարմինը հայտնել էր, թե պարզվել է` ով է կրակոցներ արձակել կամ ով է եղել «քիլլերը», որը ՌԴ-ից եկել է եւ սպանել է «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին: Ավելին` հայտնել էր, թե ով է օգնել նրան հասնել նպատակին, սակայն նախաքննական մարմինը ըստ էության չէր գաղտնազերծել ամենակարեւորը, թե ով է եղել պատվիրատուն կամ պատվիրատուները, եւ, ի վերջո, ում է ձեռնտու եղել սպանել Անդրանիկ Հարությունյանին:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին սպանության պատվիրատուներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, այս տարվա հուլիսի 19-ին գրել էինք, որ իրավապահները սպանության մի վարկած են քննում, մասնավորապես այն, որ այս տարի Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ խառնվելով երկու խմբերի բաժանված երխտասարդների կռվին` «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»:

Մոտ երկու ամիս իրավապահների կողմից տարվող քննությամբ, ինչպես նաեւ ձեռք բերված տեղեկությունների եւ ապացույցների հիման վրա` իրավապահները հանգել են եզրակացության, որ հենց այս դեպքն էլ եղել է պատճառ, որ Անդրանիկ Հարությունյանին սպանեն: Մասնավորապես, Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ առաջացած տարաձայնության ժամանակ, երբ մասիվցիները խնդրել են` իրենց օգնության հասնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը, վերջինս Կենտրոնի երկրապահ կամավորական միության նախկին պետերից երկու հոգու ապտակել է: Հիմա, պարզվում է, նախկին ԵԿՄ անդամները ապտակը կուլ չեն տվել եւ որոշել են պատասխան հարձակմամբ հարցերը լուծել: Եւ, ըստ նախնական վարկածի, նրանք էլ կազմակերպել են Անդրանիկ Հարությունյանի սպանությունը:

Նկատենք, որ իրավապահները պատվիրատուների անունները եւ գործողությունների մասին բավարար տեղեկություններ ունեն, սակայն դեռեւս կոնկրետ քայլերի չեն դիմում՝ սպասելով գործով ձերբակալված 50-ամյա օժանդակողի ցուցմունքին: Ըստ էության, վերջինիս ցուցմունքից շատ բան է կախված, որպեսզի սպանության պատվիատուներին սկսեն հերթով ձերբակալել:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` սպանությանն օժանդակող 50-ամյա տղամարդը ցուցմունք չի տալիս, իսկ, ահա, ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը, որը սպանել է Անդրանիկ Հարությունյանին, հետախուզվում է:

Մանրամասները` տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս