Ստամբուլադադար. «թայմ աութի» մեկնարկը տրված է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ հայտարարել է. «Ի սկզբանե պարզ էր, որ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիան ԱԺ այս տարվա օրակարգում ներառելը հնարավոր չէ, քանի որՎենետիկի հանձնաժողովից պարզաբանումներ կստանանք նախնական տվյալներով հոկտեմբերին, այնուհետեւ այն Կառավարությունում պետք է նորից քննարկվի, ուղարկվի Սահմանադրական դատարան Կոնվենցիայի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով: Գործընթաց է, որով այս Կոնվենցիան պետք է անցնի»:

Այսպիսով, պաշտոնապես հստակեցվեց բազմաչարչար Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման կամ մերժման ընթացակարգային ժամկետները: Իհարկե, ի սկզբանե պարզ էր, որ առանց Կառավարության համապատասխան որոշման եւ Սահմանադրական դատարանի վճռի, անհնար է, որ Կոնվենցիայի քննարկումը կազմակերպվեր խորհրդարանում: Ի վերջո, ցանկացած միջազգային փաստաթուղթ պետք է հստակեցվի՝ հակասում է արդյոք Հայաստանի սահմանադրությանը, թե ոչ:

Սակայն այս ամենը գիտակցելով հանդերձ` փաստորեն, հասարակական քաղաքական շատ շրջանակներ շարունակում են ցայսօր դաժան քննադատության ենթարկել գործող իշխանությանը, որոնք այդ կոնվենցիայի ընդունումով սեռական փոքրամասնություններին ավելի մեծ իրավունքներ են վերապահում, քան նրանք ունեն այսօր: Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ կոնվենցիան խտրական վերաբերմունքի դեմ է եւ կանանց իրավունքների պաշտանության օգտին՝ «ոչ բռնությանը» հայտնի լոզունգով, բայց պարունակում է իրապես վտանգավոր դրույթներ: Ու այս դրույթների շուրջ վիճաբանություններ դեռ շատ կլինեն:

Բայց այսօր կարելի է վստահ պնդել, որ «ստամբուլյան»-ով «թայմ աութ» է վերցված մինչեւ տարեվերջ, եւ այս թեմայով քննարկումներն ու քննադատությունները այսուհետ կարելի է ժամանակավրեպ համարել,քանի որ այլեւս անիմաստ է խոսել մի բանի մասին, որն ուղղակի չկա օրակարգում:

Մյուս կողմից, իհարկե, այս սպառիչ բացատրությունը կարելի էր ավելի վաղ տալ, որպեսզի, ժամանակակից բառապաշարով ասած, «մեծ բոլոլա» չդառնար կոնվենցիայի հարցը: Բայց ՀՀ արդարադատության նախարարն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես ասած, «սորոսական թեւը» մտել էին բովանդակային քննարկման մեջ, վիրավորում ու քննադատում էին հակառակ կարծիք ունեցողներին այնպես, կարծես թե վաղը պետք է այդ կոնվենցիան վավերացներ ՀՀ ԱԺ-ն: Հիմա պարզվեց՝ խաղը ոչ-ոքի է, եւ «թայմ աութի» մեկնարկը տրված է:




Լրահոս