«Ժողովուրդ» օրաթերթը «Գանձասար-Կապանի» ելույթների, ցուցադրած խաղի եւ ակումբի գլխավոր նպատակների մասին է զրուցել թիմի ֆուտբոլիստ Գեւորգ Նռանյանի հետ:
-Կարելի է ասել, որ «Գանձասար-Կապանը» այդքան էլ լավ չմեկնարկեց այս առաջնությունում: Ի՞նչի հետ կկապեք թիմի արդյունքները, եւ այդ ցուցանիշներից հետո ավելորդ լարվածություն կա՞ թիմում:
-Ճիշտն ասած, կոնկրետ բանի հետ չեմ կապում: Առաջնությունը նոր է մեկնարկել, եւ մեզ միայն գրոհների եզրափակիչ հատվածում ինչ-որ բան չի հերիքում: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, եւ մեկ հաղթանակ տոնելուց հետո կունենանք բազում այլ հաղթանակներ: Լարվածություն կա միայն այն առումով, որ հաղթանակներ չենք տոնում, սակայն թիմում ամեն ինչ կարգին է: Առաջին հաղթանակը լուրջ դեր կխաղա. կսկսենք ավելի ազատ գործել եւ ավելի վստահ:
-Ո՞րն է «Գանձասար – Կապանի» գլխավոր նպատակն այս առաջնությունում:
-Մեր գլխավոր նպատակը հաղթանակների հասնելն է եւ բարձր դիրքեր զբաղեցնելը: Ամեն խաղի դուրս ենք գալիս խաղադաշտ հաղթանակի հասնելու համար: Մեր գլխավոր նպատակը այս մրցաշրջանում լավագույն եռյակում հայտնվելն է:
-«Գանձասար – Կապանի» գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը ասել էր, որ քանի դեռ նա այս թիմում է, Դուք հարձակման գծում չեք խաղալու: Ի՞նչ կասեք Ձեր դիրքի մասին, եւ կա՞ ցանկություն հարձակման դիրքում կրկին խաղալու:
-Իմ ցանկությունն ասյտեղ այդքան կարեւոր չի, ինչքան մարզչի որոշումն ու տված առաջադրանքները: Եթե մարզիչը գտնում է, որ ես պետք է խաղամ այդ դիրքում, ապա ես պատրաստ եմ խաղալ եւ օգուտ տալ թիմին:
-Ի՞նչը Ձեզ ստիպեց հաձակվողից պաշտպանի վերածվել:
-Մարզիչս ցանկացավ, որ ես խաղամ այդ դիրքում, եւ հայտնեցի, որ պատրաստ եմ եւ սկսեցի խաղալ այս դիրքում:
-Ի՞նչ կասեք նորեկների մասին. ի՞նչ մարզավիճակում են գտնվում եւ արդյոք հարմարվե՞լ են թիմին:
-Ճիշտն ասած, ես չեմ կարող ասել` ինչ մարզավիճակում են նրանք, չեմ կարող գնահատել նրանց մարզավիճակը, բայց կարող եմ ասել, որ նրանք շատ ուժեղ եւ որակով ֆուտբոլիստներ են եւ կարող են օգուտ տալ թիմին: Արդեն հարմարվել են թիմին, մարզումները լավ են ընթանում: Մի փոքր խաղերին պատրաստվելու խնդիր կա, սակայն դա էլ կշտկվի խաղից խաղ:
-Նորից Ձեր դիրքի մասին: Մարզումների ժամանակ միայն գործում եք պաշտպանությունո՞ւմ:
-Այո, միայն պաշտպանությունում եմ խաղում, քանի որ հիմա հանդես եմ գալիս այդ դիրքում. ցանկանում եմ ավելի ու ավելի լավ գործել եւ մարզումների ընթացքում էլ այլ դիրքում չեմ խաղում:
-Հաջորդ տուրում խաղալու եք «Արարատի» դեմ: Նրանք այս առաջնությունում դեռեւս պարտություն չունեն: Սա եւ այն փաստը, որ ժամանակին խաղացել եք «Արարատում», հավելյալ մոտիվացիա հանդիսանո՞ւմ են Ձեր համար:
-Այս պահին ես մոտիվացիայի պակաս չունեմ: Մենք դուրս ենք գալու հաղթելու համար: Ե՛ւ ես, ե՛ւ թիմը ամբողջովին մոտիվացված է:
-Մի փոքր էլ Ձեր կարիերայից: Կնշե՞ք կարիերայի լավագույն ու ամենակարեւոր գոլը:
-Իմ բոլոր գոլերն էլ կարեւոր են, չեմ կարող առանձնացնել: Գեղեցկության առումով կհիշեմ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Ֆրանսիայի դարպասն ուղարկած գոլը, իսկ կարեւորության առումով չեմ կարող առանձնացնել:
-Մինչեւ ե՞րբ եք պատրաստվում խաղալ եւ ի՞նչ եք պատրաստվում անել կարիերայի ավարտից հետո:
-Այդ մասին ընդհանրապես չեմ ցանկանում մտածել: Կենտրոնացած եմ միայն ֆուտբոլ խաղալու, ավելի լավ խաղալու, մարզավիճակս պահելու եւ թիմին օգուտ տալու վրա:
Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը