Աղբահանության խնդրի շուրջ ստեղծված թնջուկը. ինչո՞ւ «Սանիթեք»-ին չհաջողվեց աշխատել քաղաքային ներկայիս իշխանությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի եւ «Սանիթեք» ընկերության առցանց նամակագրական կապը տեւական ժամանակ է`շարունակվում է: Եթե նշված կառույցներից մեկը մյուսին որեւէ բան է ցանկանում հասկացնել կամ ակնարկել, օնլայն բաց նամակ է հրապարակում: Երեկ նման մի նամակ հրապարակեց «Սանիթեք» ընկերությունը: Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է` «Սանիթեք»-ը աղբահանություն չի իրականացնում եւ պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել:

Համենայնդեպս, այդպես նշում են քաղաքապետարանից: Սակայն պարզվում է, որ «Սանիթեք»-ը լուրջ պատճառներ ունի: Ըստ այդ ընկերության`ներկա պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, եւ ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորությունները ամբողջությամբ:

Ավելին` «Սանիթեք»-ը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը միայն Երեւանի քաղաքապետարանն է, եւ այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանի քաղաքապետարանը չի կատարել իր վճարման պարտավորությունները:

Բայց քաղաքապետարանը շարունակում է անգործության մեջ բացահայտ մեղադրել «Սանիթեք»-ին`առանց հանրությանը մանրամասնելու ընկերության հետ չստացված համագործակցության իրական պատճառների մասին: Չէ՞ որ հարց է` ինչու «Սանիթեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ`ոչ:

Այնուամենայնիվ, այս հարցը «Ժողովուրդ» օրաթերթը ուղղեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: Վերջինս խորհուրդ տվեց հարցի պատասխանը ստանալ «Սանիթեք»-ից: Հարցին`հանդիպե՞լ եք «Սանիթեք»-ի ներկայացուցիչների հետ, քննարկե՞լ եք խնդիրը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Մարդ չկա, որ հարցնեմ` ինչո՞ւ եք հրաժարվել աշխատել:

Ես անձամբ գնացել եմ այնտեղ, աշխատողներ կային, որոնց հարցեր եմ տվել, ինձ էլ պատասխանեցին`հարցրե՛ք Նիկոլասին: Իսկ Նիկոլասն էլ այստեղ չէ, տեւական ժամանակ է` երկրում չէ Նիկոլասը»: Ապա պարզբանեց, որ այժմ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի» կողմից քաղաքը աղբից մաքրվում է:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ «Սանիթեք»: Բնականաբար, մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին,բայց մենք ընկերության մաքրուհիներից տեղեկացանք, որ մի քանի օր է`հիմնարկը փակ է: Պարզվում է, որ մաքրուհիները որոշել են այս ընթացքում աշխատանքից դուրս գալ, սակայն չեն կարողանում ստանալ ազատման վերաբերյալ իրենց դիմումները:

Ի դեպ, նրանց մեծ մասն այժմ աշխատում է քաղաքապետարանի ստեղծած հիմնարկում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս