Արդեն մի քանի օր է` հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով ռուսական «Ինտերֆաքս»-ին, գրում են, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը Ռուսաստանի Դաշնության տարածքում չեղարկվել է: Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:
Ռուսական լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունը այնքան խորը քննարկվեց, որ նույնիսկ տարաբնույթ վերլուծություններ կատարվեցին այս առիթով, քաղաքական հեռուն գնացող մտքեր հայտնեցին մարդիկ հայ-ռուսական լարված հարաբերությունների մասին եւ այլն: Եւ, ահա, երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը որոշել է լույս սփռել այս պատմության վրա` հայտնելով, որ «Ինտերֆաքս»-ի նյութը հին է, գրվել է 2018 թվականին: Ավելի վաղ նույն կայքը գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձնման չի ենթարկվի:
Դատախազի խորհրդականը վստահեցրել է. ««Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել»: Հետաքրքիր է` եթե այս հակափաստարկը, ընդ որում` երկաթյա հակափաստարկը կար, ինչո՞ւ չէր հրապարակվում, ինչո՞ւ էր ձգձգվում, ինչո՞ւ չէր խոսվում այդ մասին: Գուցե փութաջանությունն այս դեպքում օգներ` ավելի հեշտ հաղթահարելու ստեղծված տխուր իրավիճակը: Բայց պետական կառույցների դանդաղկոտությունը երբեմն ընդդիմախոսներին հնարավորություն է տալիս հանդիմանել իշխող ուժին` հիմքում ունենալով զրո փաստարկ:
Բայց, մյուս կողմից, հասկանալի է, որ հայրենի իրավապահ համակարգը խնդիրներ ունի, ՌԴ իրավապահ կառույցների հետ եւ համագործակցության բացակայության արդյունքում ունեցանք արտոնյալ մեղադրյալներ: Բացի Միքայել Հարությունյանից ՌԴ-ն «թեւերը փռեց» նաեւ ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի վրա` հրաժարվելով երկրի ամենակոռումպացված պաշտոնյայի համարում ունեցողին հանձնել հայրենի արդարադատությանը: Բայց եթե մեղադրյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասով երկաթյա փաստարկներ ներկայացվեին ռուսական կողմին, դժվար թե ՌԴ իրավապահները զլանային համագործակցել հայ իրավապահների հետ:
Ինչո՞ւ. որովհետեւ անհերքելի ապացույցների դեպքում քաղաքական փաստարկները զրոյանում են: Ուրեմն պետք է իրավիճակի սխալները նախ մեր մեջ փնտրենք: