ՀՀ կառավարությունը մտադիր է սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշներ եւ դրանց հաշվառման կարգ։ Բանն այն է, որ ՀՀ գրեթե բոլոր մարզերում կա գյուղատնտեսական հողերի չմշակման, անարդյունավետ օգտագործման խնդիր, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակաբույսերի բերքատվության նվազում:
Ըստ ՀՀ 2018 թվականի հողային հաշվեկշռի եւ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 445,6 հազար հեկտար վարելահողերից 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նպատակային չի օգտագործվել շուրջ 202,7 հազար հեկտարը կամ 45.5%։
Ինչպես հայտնի է, դրանց չմշակման պատճառները տարբեր են ու բազմաթիվ. ցածր եկամտաբերություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարություն, հողօգտագործողի` սեփականատիրոջ բացակայություն եւ այլն։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է լրացումներ կատարել ՀՀ հողային օրենսգրքում եւ հողերի պահպանման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին օրենքում։
Ավելին, նախարարությունը բարձրաձայնում է նաեւ լքված հողերի խնդիրը։ Դրանք այն հողերն են, որոնց սեփականատերերը հայտնի չեն, բացակայում են հանրապետությունից։ Ի դեպ, տեղեկացնենք, որ, ՀՀ հողային օրենսգրքով, հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարեցման դրույթը գործնականորեն չի կիրառվում համայնքի կողմից դատական, նոտարական եւ հողային իրավունքների գրանցման ծախսերի վճարման դժվարության պատճառով։
Մյուս կողմից՝ համայնքի ղեկավարը չի գնում այդ քայլին` առաջնորդվելով համայնքի անդամների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու սկզբունքով, կամ պատճառաբանմամբ, որ հետագայում չի կարողանալու լուծել այդ հողերի օգտագործման խնդիրը։
Բայց կառավարությունը այս տարվա փետրվարի 8-ի որոշմամբ անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Այսինքն` գործադիրը սկսել է գործուն քայլեր ձեռնարկել չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատակային օգտագործելու ուղղությամբ։
Եվ «Ժողովոուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ չօգտագործվող հողերի բացահայտման նպատակով կիրականացվի դիտարկում յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ։ Դիտարկման ընթացքում հողամասը կլուսանկարվի և կտեսանկարահանվի։ Իհարկե, ողջունելի է, որ կառավարությունը սկսել, ի վերջո, մտահոգվել լքված կամ անմշակ հողերով, բայց այլ հարց է, թե դրանք բացահայտվելուց հետո ինչ ճակատագիր են ունենալու։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան