ՍԴ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ` ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ինչպես հայտնի է, հուլիսի 5-ին նշում են ՀՀ Սահմանադրության օրը: Դուք ինչպե՞ս եք նշելու այդ օրը:
-Պլանավորում եմ այդ օրն ավարտել մի մենագրություն, որն անվանել եմ «ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ»: Շուրջ 400 էջանոց աշխատանք է, որը, վստահ եմ, կհետաքրքրի ընթերցողների լայն շրջանակի:
-Որպես ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ` կարո՞ղ եք հայտնել` այսօր Հայաստանում ՀՀ Սահմանադրությունը գործո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե չի գործում, ապա ի՞նչն է խանգարում կամ ո՞վ է խանգարում, որ այն գործի:
-Սահմանադրությունը գործել է, գործում է եւ կգործի: Ես գտնում եմ, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամ առկա չէ, ճգնաժամը Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտում է, ինչը, ցավոք, իջեցվել է տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի: Իմ մասնագիտական արժանապատվությունը թույլ չի տալիս իջնել այդ հարթություն: Նախատեսում եմ սահմանադրականության առկա հիմնախնդիրներին անդրադառնալ հոկտեմբերի 18-19-ին «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի կողմից Երեւանում հրավիրվող միջազգային խորհրդաժողովի շրջանակներում: Խորհրդաժողովը նվիրվելու է երկրի իրավական անվտանգության հիմնախնդիրներին:
-ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր (մյուս դատավորը այս օրերին բացակայում է), ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը: Ըստ Ձեզ` ինքն իրավունք ունե՞ր, հիմքեր ունե՞ր նման բան ասելու, հայտարարելու:
-Ես, որպես կանոն, որեւէ մեկի ասածը կամ արածը չեմ մեկնաբանում: Ինչ վերաբերում է երեւույթի տարակերպ ընկալումներին, ապա դրանք ոչ թե քաղաքական շահարկումների առարկա պետք է դառնան, այլ դրանց վերջակետ կարող է դրվել միջազգային փորձագիտական եզրակացության հիման վրա: Հայաստանը Եվրախորհրդի եւ «Սահմանադրական ու համարժեք դատարանների համաշխարհային խորհրդաժողով» միջազգային կազմակերպության անդամ է: Ի դեպ, 2009-2017 թվականներին մեր երկիրը նաեւ եղել է 114 երկիր ներկայացնող այդ կազմակերպության բյուրոյի անդամ /բյուրոյի անդամ 12 երկրներից մեկը/: Ավելին, 2014-2015 թվականներին Հայաստանն է եղել այդ կազմակերպության բյուրոյի նախագահող երկիրը: Կարելի է դիմել կա՛մ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին, կա՛մ հիշյալ կազմակերպության բյուրոյին՝ հստակ ու վերջնական պարզաբանում ստանալու համար:
Ավելացնեմ միայն, որ պատահական չի ընտրվել նշված կազմակերպության անվանումը՝ «Սահմանադրական ու համարժեք դատարանների համաշխարհային խորհրդաժողով»: Այն երկար քննարկումների արդյունքում է ծնվել եւ պայմանավորված է նրանով, որ տարբեր երկրներում սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինները տարբեր անվանում ունեն՝ դատարան, խորհուրդ, տրիբունալ եւ այլն: Գլխավորը ոչ թե անվանումը կամ կազմավորման առանձնահատկություններն են, այլ գործառույթի բնույթը: Սա է միջազգային մակարդակով ընդունված մոտեցումը:
-Ձեր հրաժարականը մի շարք հարցերի տեղիք տվեց. ինչո՞ւ մայիսի 20-ին` ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո, Դուք հրաժարական տվեցիք: Արդյոք նախկին քաղաքական կապե՞րն էին պատճառը, թե՞ վախեցաք վեթթինգ անցնելու գործընթացից:
-Իմ հրաժարականի պատճառները հստակ շարադրված են հրաժարականի տեքստում: Ես Բարձրագույն դատական խորհրդում բացառապես իրացրել եմ իմ սահմանադրական ու օրենսդրական մասնագիտական պարտականությունները: Ես ընդհանրապես քաղաքական գործընթացների մասնակից չեմ եղել եւ որեւէ կապի խնդիր չկա: Իսկ վախենալու մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Գտնում եմ, որ մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն ինձ պես կվարվեր: Իրավագիտությունը` որպես գիտություն, իր հասկացությունները, կանոնները եւ օրենքներն ունի: Երբ ընդհուպ իրավաբանի մասնագիտություն ստացած մարդիկ հայտարարում են, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունների նախաձեռնությամբ դատարաննրի շենքերը շրջափակելը ժողովրդավարության դրսեւորում է, կներեք, այդտեղ իրավունքի գերակայությունը եւ իրավագիտությունը կնքում են իրենց մահկանացուն: Իսկ դատական իշխանության համակարգային բարեփոխումների հայեցակարգային իմ մոտեցումները, որոնք, մասնավորապես, արտացոլվել են նաեւ ԲԴԽ 2018թ. տարեկան հաղորդման մեջ, վստահ եմ, իրենց կենսունակությունը դեռեւս կդրսեւորեն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ, եւ ՍԴ-ում որեւէ ճգնաժամ չկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հրայր Թովմասյանը: «Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Սահմանադրական դատարանի դատավորների հավաքական դիրքորոշումը դուք տեսել եք հայտարարության տեսքով»,- ասաց Թովմասյանը: Հարցին, թե ինչպես է տեսնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Թովմասյանն ասաց, որ խնդիր չի տեսնում, եւ եթե խնդիր չի տեսնում, ապա լուծման մասին չի կարող խոսել: Իսկ թե ինչպես է աշխատում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, Թովմասյանը պատասխանեց. «Աշխատում ենք հանգիստ, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում»: «Հրայր Թովմասյանը ՍԴ դատավո՞ր է, թե՞ անդամ» հարցին ի պատասխան՝ նա ասաց՝ ՍԴ նախագահ է:

 

 

 

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Իջեւան քաղաքի 41-ամյա բնակչին: 2019թ. հունիսի 14-ին Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ հրազենով կրակ էին արձակել` պատճառելով աջ ազդրի բազմաբեկորային բաց տեղաշարժով կոտրվածք, տրավմատիկ շոկ ախտորոշումով մարմնական վնասվածք, ինչի հետեւանքով բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո Գրիգոր Սարհատյանի աջ ազդրոսկրի վերին երրորդականի ամպուտացիա է կատարվել: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ
Մենք նամակ էինք գրել դատախազին, որի մասին բարձրաձայնվել է, մնացածն արդեն իրավապահ մարմինների քննարկելիքն ու պատասխանելիքն է: Այս մասին ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը` անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը ՀՀ-ին նվիրաբերելու փաստին: «Եթե որեւէ խոչընդոտ եւ առարկելիք չլինի դատախազության կողմից, եւ մեզ հանձնարարական լինի, պրոցեսին արագ ընթացք տալու որեւէ խնդիր չի լինի: Ես ասել եմ, որ այնտեղ տարբեր բնույթի գույքեր են, տարբեր նշանակություն ունեցող, եւ ամենաօպտիմալն, ըստ իս, իրենց ֆունկցիաներով մասնատելը եւ ըստ ֆունկցիաների վաճառելն է»,- ասել է Ն. Բաբայանը` գործընթացը համարելով հանրային սեփականության վերադարձ:

 

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Կառավարությունը որոշում է ընդունել ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) տարիներ շարունակ կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը մարելու մասին` ելնելով 2019թ. ոռոգման շրջանը պատշաճ եւ արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունից: Ըստ հիմնավորման` ջրօգտագործողների ընկերությունները դեռեւս անցած տարիներից կուտակել են մեծաքանակ պարտքեր` մասնավորապես, վերջին տարիների սակավաջուր եւ չոր եղանակի հետ կապված, ոռոգման համակարգում իրականացված մեխանիկական ջրարտադրությունից առաջացած էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերը: 2019թ. ոռոգման շրջանը սկսվել է, սակայն այն պատշաճ եւ արդյունավետ կազմակերպելու համար ՋՕԸ-երը կանգնել են մեծ դժվարությունների եւ խոչընդոտների առաջ: Հարկային ժամկետանց պարտավորությունների եւ մյուս կրեդիտորական պարտավորությունների համար ՋՕԸ-երի բանկային հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ, որը խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական գործունեություն իրականացնելու, հետեւաբար, ոռոգման շրջանը կազմակերպելու համար:

 

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԵՐԱՑՆԵԼ
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, անդրադառնալով Սեւանա լճի ջրի կանաչելու մասին հարցերին, ասել է, որ դրանք մի քանի գործոնների հետեւանք են. «Այն հնարավոր է վերացնել, բայց այստեղ կան նաեւ ոչ մարդկային գործոններ: Մարդկային գործոնը սնուցող նյութերը, կեղտաջրերն են, այսինքն` ֆոսֆորի, ազոտի լրացուցիչ քանակությունը»: Նախարարն անդրադարձել է նաեւ Սեւանում ցանցավանդակային տնտեսություններին. «Եթե համապատասխան ուսումնասիրությունից հետո պարզվի, որ Սեւանի ցանցային ձկնաբուծական ընկերության գործունեությունը նպաստում է լճի հատակի ֆոսֆորային նստվածքի կուտակմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է լճի ջրի ծաղկմանը, ընկերության գործունեությունը կարգելվի»,- ասել է Է. Գրիգորյանը:

 

 

 

 

ԱԹԵՇՅԱՆԸ ՉԻ ԸՆՏՐՎԵԼ
Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նշենք, որ երեկ Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել պատրիարքի տեղապահի ընտրություն: Երկու թեկնածուներն էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը. Մաշալյանը ստացել է 13, իսկ Աթեշյանը` 11 ձայն:




Լրահոս