Հայաստանի քննչական ծառայությունում իշխանության զավթման վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվել ինչպես Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում, այնպես էլ Սահմանադրական դատարանում: ՀՔԾ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ սա ևս կապված է այն քրեական գործի հետ, որը հարուցվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած հաղորդման հետ:
Հիշեցնենք՝ ըստ այդ հաղորդման՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպք է առկա: ՀՔԾ-ից տեղեկացրել էին, որ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին( Հոդվածը սահմանում է հետևյալը` Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը։
Այս քրեական գործի թիրախում կարող է հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որը նախկինում ՀՀԿ անդամ է եղել: