Ինչպես հայտնի է, հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով` ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծի մշակմամբ: Այդ հանձնախումբը՝ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ, պետք է մեկ տարվա ընթացքում մշակի ռազմավարությունը եւ ներկայացնի խորհրդին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ միջգերատեսչական խմբում ներառված են լինելու բոլոր գերատեսչությունների ղեկավարները, ներկայացուցիչներ խորհրդարանից, իսկ խումբն էլ կղեկավարի հենց Արմեն Գրիգորյանը։ Իսկ, ահա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնախմբում ներառված չէ։ ՀՀ ազգային ռազմավարությունը չի փոխվել 2007 թվականից, սակայն այն պետք է հանդիսանա ամենակարեւոր եւ հիմնարար փաստաթուղթը։ Եվ այդ 12 տարիների ընթացքում աշխարհում եւ տարածաշրջանում բազում իրադարձություններ են տեղի ունեցել՝ Ապրիլյան պատերազմ, թավշյա հեղափոխություն, սահմանադրական փոփոխություններ, եւ այսօր արդիական են փոփոխությունները։
Նախօրեին անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում մի փոքր փակագծեր է բացել՝ խոսելով, թե ինչու հենց հիմա որոշվեց փոփոխություններ կատարել, եւ ինչ շեշտադրումներ կլինեն նոր փստաթղթում: «Պատճառներից մեկը միջազգային հարաբերություններում տեղի ունեցած ֆունդամենտալ փոփոխություններն են: 2007 թ.-ին, երբ ռազմավարությունը գրվել է, այդ ժամանակ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում նման ճգնաժամ չկար, որը հիմա կա: Մյուսը ռուս-վրացական պատերազմն է, Իրանի դեմ պատժամիջոցները, Ապրիլյան պատերազմը, փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում: 12 տարի է անցել, ուստի անհրաժեշտ է նոր ռազմավարություն ունենալ»,- մանրամասնեց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո հայտարարվել է, որ ՀՀ արտաքին քաղաքական կուրսում փոփոխություններ չեն լինելու, եւ այդ տրամաբանությունն արտահայտված է լինելու ռազմավարությունում: «Բնականաբար, բանակն ու զինված ուժերը մեր ուշադրության կենտրոնում են, կազմելու են անվտանգության հիմնական բաղադրիչը, բայց դրանով չենք սահմանափակվելու: Անհրաժեշտություն կա անվտանգության կոնցեպտը որոշակի չափով ընդլայնելու»,- նշեց Արմեն Գրիգորյանը: ԱԽ քարտուղարը նաեւ հայտնեց, որ նոր ռազմավարության մեջ ֆիքսվելու է մեր ժողովրդավար պետություն լինելը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն են ներգրավվել ռազմավարության փոփոխության գործում, եւ այդ աշխատանքներում ցանկություն կա ներգրավել նաեւ փորձագետներ Արցախից, քանի որ շատ հարցեր վերաբերելու են հենց երկու հայկական պետություններին: Այս առումով նկատենք, որ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշման հենց հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին, Արմեն Գրիգորյանն Արցախում հանդիպումներ է ունեցել Բակո Սահակյանի, Արցախի անվտանգության քարտուղար Արշավիր Ղահրամյանի եւ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Այդ հանդիպումներում չի շրջանցվել հենց Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման հարցը, եւ հենց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն է ընդգծել տվյալ փաստաթղթի մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ ներգրավելու նպատակահարմարությունը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպումների շարք փորձագետների մասնակցությամբ։ Ի դեպ, փորձագիտական հանրությունը եւս մեկ անգամ չէ ընդգծել, որ դեռ 2007 թվականին ընդունված փաստաթուղթը թարմացման կարիք ունի, դրանից հետո տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում, որոնց հետ կապված որեւէ հիշատակում այդ փաստաթղթում, բնականաբար, չկա։ Ընդ որում, մեր տեղեկություններով` փորձագիտական հանրույթը նաեւ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ նոր ռազմավարությունը պետք է մշակվեր եւ ընդունվեր ավելի վաղ՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ամիսներ, այլ ոչ թե տարիներ հետո: Ամեն դեպքում, նրանք հանդիպման ժամանակ կարեւորել են գոնե հիմա փոփոխություններ սկսելու հարցը եւ մի քանի հանգամանքներ առանձնացրել, որոնք ցանկանում են տեսնել նոր նախագծում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Օրեր առաջ Արցախի խորհրդարանը վավերացրեց ընտրական նոր օրենսգիրքը, որով նախատեսված են բազում փոփոխություններ: Հիմնական փոփոխությունն ընտրակարգն է: Այսուհետ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
Բացի այդ, մեծացվել է կանանց ներկայացվածությունը նախընտրական ցուցակներում՝ 20 տոկոսից հասցնելով 25 տոկոսի:
Որոշվել է հրապարակել ընտրողների ցուցակները եւ այլն: Բացի այդ, սահմանափակ կարողություններով անձինք, որոնք նախկինում հնարավորություն չեն ունեցել մասնակցել ընտրություններին, նոր օրենսգրքով կկարողանան ընտրել իրենց նախընտրած ուժերին: Բացի այդ, նախագահի թեկնածուները ուղիղ եթերում հեռուստաբանավեճ են ունենալու Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Սա արվելու է երկու փուլում էլ:
Նոր ԸՕ-ով սահմանվել է, որ անձը կարող է ինքնաառաջադրվել որպես նախագահի թեկնածու:
ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել։ Նախագծից տեղեկացանք, որ այն վերաբերում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը: Այժմ Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում: Եվ նրանք, հաշվի առնելով հիմնադրամի գործունեության նպատակը, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելի մեծ ծավալի հատուցման կարեւորությունը, ներկայացրել են օրենսդրական փոփոխության նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում են հատուցում նախատեսել նաեւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով: Նշենք, որ այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ:
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի եւ բանկային հաշիվների վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը: 2018թ. հուլիսի 30-ին կալանք էր դրվել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի գույքի եւ բանկային հաշիվների վրա: Այս տարվա հունիսի 7-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը` արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:
ՉԻ ՎԱՎԵՐԱՑՎԵԼՈՒ
Բայց զգացել եք, թե ինչպես արդարացի հանրային աղմուկը` տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ, ստիպեց հազար ու մի «պռադվինուտի կոնվենչիստների» խառնվել իրար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա մասնավորապես գրել է. «Խոսքը բնավ այն մարդկանց մասին չէ, որոնք ի զորու են վարել բաց եւ ազնիվ բանավեճ այս հարցի շուրջ, խոսքն այն սուտասանների մասին է, որոնք ճարահատված սկսել են էժանագին տեղեկատվական մանիպուլյացիաներով զբաղվել` փորձելով մոլորեցնել հասարակությանը: Ուրեմն բոլոր նրանք, որոնք համարում են, որ հայերը ի զորու չեն հասկանալ բոլոր տխմար տողատակերը, որոնք գոյություն ունեն Կոնվենցիայի մեջ, իրանց սպասում է շատ դաժան հիասթափություն: Իմիջիայլոց, այն պահից սկսած, երբ կմեկնարկի Ստամբուլյան կոնվենցիայի հերթական տեղեկատվական գովազդային արշավը, ես պարզապես կսկսեմ տեղադրել իմ էջում կոնվենցիայում տեղ գտած դրույթները, որակավորումները եւ ՀՀ ակնկալիք պարտավորությունները… անխտիր կոնվենցիայի ամեն տառը եւ ստորակետը քննարկվելու է եւ հանրայնացվելու է: Նենց որ, հույսեր չփայփայեք, չի վավերացվելու»:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌԻՍԿԵՐԸ
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության եւ արտահանման ծավալների մեծացման հեռանկարները: Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը: Նախարարի եւ տնտեսվարողների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին ընկերությունների հետ անցկացնել հանդիպումների շարք` քննարկելու վերջիններիս գործունեության մասնավոր խնդիրները:
ԵՐԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ
Երեկ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմամբ: Մնացականյանն ու Զալկալիանին հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Զոհրաբ Մնացականյանը Վրաստանում է երկօրյա այցով: Նախատեսված են հանդիպումներ նաեւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի եւ վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: