Միշտ պետք է հաշվի առնենք ՝ ով է մեր մրցակիցը․ Աշոտ Բարսեղյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Գանձասար – Կապան» – «Արարատ – Արմենիա» (2:1) խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը։

«Առաջինը ցանկանում եմ շնորհավորել մեզ հաղթանակի կապակցությամբ։ Մրցակիցը հարգանքի արժանի թիմ է, որովհետեւ այնտեղ խաղում են որակով ֆուտբոլիստներ եւ աշխատում են որակով մարզիչներ եւ այսպիսի թիմի դեմ խաղալը շատ դժվար է եւ կեցցեն մեր տղաները, որ կարողացան հաղթել «Արարատ–Արեմենիային»։
Մենք ի սկզբանե որոշել էինք խաղալ հակագրոհներով, խաղալ եզրերով եւ այդ դիրքերից կատարած փոխանցումների միջոցով եզրափակել գրոհները։ Գոլն էլ հենց նման իրավիճակից կարողացանք խփել, այսինքն ՝ աշխատեց մարզչի տակտիկական հնարամտությունը։

Երբ մրցակիցը կարմիր քարտ ստացավ մենք միեւնույն է շարունակեցինք խաղալ նույն ոճով, որովհետեւ այդ պայմաններում մեզ հարկավոր էր պահել խաղային կարգապահությունը, ոչ թե ամբողջ թիմով նետվել 2-րդ գոլի հետեւից։ Հակառակորդը երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս բերեց նաեւ երկրորդ հարձակվողին ՝ Անտոն Կոբյալկոյին, ով գիտենք, որ շատ վտանգավոր խաղացող է։

Մենք չենք մոռանում մեր բաց թողած գոլերը, «Արարատ- Արմենիայի» դեմ անցած խաղում էլ մինչեւ 72-րդ րոպեն հաղթում էինք 1։0 հաշվով , սակայն խաղադաշտ մտավ Կոբյալկոն ու վաստակեց 11 մետրանոց հարված։ Մենք պետք է կոմպակտ խաղայինք եւ մրցակցին զրկեինք տարածությունից, միմյանց օգնեինք եւ հնարավորության դեպքում նաեւ հակագրոհեինք։ Անցկյունայինից գոլ բաց թողեցինք եւ հաշիվը հավասարվեց։

Այդ դրվագում սայթաքեց Արման Հովհաննիսյանը եւ մրցակիցը կարողացավ խփել պատասխան գնդակը։ Սա ֆուտբոլ է նման բաներ պատահում են։ Ապրեն տղաները, որ դրանից հետո հավատացին իրենց ուժերին եւ կարողացան խփել հաղթական գոլը։ Գոլը խփեցինք նորից հակագրոհի շնորհիվ, այդ դրվագում Գեղամ Հարությունյանը շատ լավ փոխանցում կատարեց եւ պաստեց գոլի կայացմանը։

Մենք միշտ պետք է հաշվի առնենք, թե ում դեմ ենք խաղում։ «Արարատ–Արմենիան» շատ լավ էր գործում նույնիսկ տասը հոգով եւ կարողանում էր մեզ համար անախորժություններ ստեղծել։ Պետք է անկեղծ լինենք եւ ասենք, որ մրցակիցը կարող էր նաեւ հաղթանակի հասնել, որովհետեւ հավասար հաշվի ժամանակ ուներ լավ հնարավորություններ գոլեր խփելու։

Նրանք ունեն շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ, ինչը մեր տղաների համար խնդիր էր առաջացնում ստանդարտների ժամանակ։ Կարծում եմ`  հավասար հաշվի ժամանակ սխալ կլիներ նետվել առաջ եւ բացեր թողնել պաշտպանությունում, քանի որ մրցակիցը կարող էր պատժել։ Ոչ-ոքի արդյունքի համար կափսոսայինք, բայց պետք է ընդունել, որ այդ արդյուքն էլ նման թիմի դեմ վատ չէր համարվի»,- ասել է Աշոտ Բարսեղյանը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս