ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎԱԾ ԵՆ ԿՐՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի անվան շուրջ կրքերը չեն դադարում: Ինչպես հայտնի է, հուլիսի 26-ին նրա լիազորությունները նոր ԲԴԽ-ի կողմից միաձայն կասեցվել են, եւ մի շարք փաստաբաններ ահազանգում են այն մասին, որ Դավիթ Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները իրավական գործընթացներ չեն, այլ հետապնդում են: Ինչպես հայտնի է, Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին ազատ արձակեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, որից հետո էլ հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:
-Պարո՛ն Վարդազարյան, դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ լուրջ իրադարձություններ են տեղի ունենում. մեղադրանքներ են հնչում, որ քաղաքական հետապնդման հետեւանքով են դատավորի լիազորությունները կասեցվել: Ինչո՞ւ այդպիսի բան արեցիք:
-Ես արձակուրդ եմ, մեկ տարի աշխատել եմ, որ կարողանամ հանգստանալ:
-Բայց դատական համակարգում լուրջ իրավիճակ է, մի՞թե դա Ձեզ չի մտահոգում:
-Ես արձակուրդի մեջ եմ:
-Այսօր ԲԴԽ նոր կազմին համարում են իշխանության կամակատարը, իշխանություների համար ցանկալի որոշում կայացնողներ: Քանի որ Դավիթ Գրիգորյանը Քոչայանին ազատ արձակեց, դատավորի լիազորություները կասեցվեցին: Ի՞նչ կասեք այս մասին:
-Չեմ մեկնաբանի որեւէ քաղաքական ուժի քաղաքական հայտարարություն. կարձագանքեմ բացառապես իրավական գնահատականներին, եթե այդպիսիք կլինեն:
-Ինչո՞ւ ԲԴԽ բոլոր անդամներով միաձայն քվեարկեցիք, որ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվեն, ինչո՞ւ չկանգնեցիք դատավորի կողքին: Փաստաբանները առաջ են քաշում մեկ փաստ, որ Դավիթ Գրիգորյանի գործողությունների մասով փետրվար ամսին դիմում է եղել իրավապահ մարմիններին, սակայն դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցել, դիմում է եղել նաեւ դատարան, որը եւս մերժվել է, ու երբ հանկարծ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց, որոշեցին քրեական գործը հարուցել: Այս իրավական շարադրանքները բավարար չե՞ն կատարվածը հետապնդում որակելու համար:
-Եթե հարցադրումները քաղաքական դաշտում են, ապա ես կրկնեցի` զերծ կմնամ, չեմ մեկնաբանի, բայց ինձ համար զարմանալի է, երբ մասնագիտական համայնքը փորձում է գնահատական տալ ԲԴԽ-ի այն որոշմանը, որը չի ընթերցել, չի մասնակցել, էլ չեմ ասում` չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը: Այս պահին այդ որոշումը հասանելի չէ, դա նախաքննական գաղտնիք է: Երբ որ կընթերցեն, կփորձեն հասկանալ, եւ մասնագիտական ոլորտում քննարկում կգնա, այդ դեպքում ես կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին: Ես զարմանում եմ մեր մասնագիտական համայնքի վրա, որոնք տեղի-անտեղի փորձում եմ գնահատական տալ: Ավելին, պարզ լեզվով ասեմ` ԲԴԽ-ի նախաձեռնությունը չէ, մեղադրանք առաջադրելու միջնորդությամբ հանդես է եկել Հատուկ քննչական ծառայությունը եւ ՀՀ գլխավոր դատախազությունը:
-Մերժեցիք միջնորդությունը, կանգնեիք դատավորի կողքին: Նախկին ԲԴԽ կազմին մեղադրում էին, որ միայն դատավորին պատժում են, Դուք նախկինների գործելաոճն եք շարունակում: Դատավոր Գրիգորյանը տեւական ժամանակ իր իրավունքների ոտնահարման մասին է խոսում:
-Երբ միջնորդություն են ներկայացնում Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ, այդ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան. դա նշանակում է, որ գալիս է գլխավոր դատախազը կամ նրա բացակայության դեպքում գլխավոր դատախազի պաշտոնակատարը եւ ներկայացնում է այն նյութերն ու ապացույցները, որոնց հիման վրա ԲԴԽ-ն` որպես դատարան, քննում է այդ հարցը: Դուք պատկերացրեք՝ ԲԴԽ-ում այս պահին կան 4 գիտնական, 4 դատավոր անդամ. եթե բոլորը միաձայն քվեարկում են ու համարում են, որ միջնորդությունը հիմնավոր է, եւ թույլատրում են քրեական հետապնդում իրականացնել, Դուք դրա գնահատականն եք ուզում` ինչու չպաշտպանեցինք: Իսկ երբեւիցե ոչ մեկի մտքով չի՞ անցել, որ այդ միջնորդությունը կարող է հիմնավոր լինել, թե՞ պարտադիր Ձեր հարցին հարցով պատասխանեմ. Դուք ինձ այլ եղանակ չեք թողնում: Դուք ասում եք` ինչո՞ւ չպաշտպանեցիք, արդյոք ԲԴԽ-ն առաքելություն ունի՞ ցանկացած պարագայում պաշտպանել դատավորին: ԲԴԽ-ն, հանդիսանալով այդ պահին որպես դատարան, նրա առաքելությունն է այդ պահին արդարադատություն իրականացնել դատավորի նկատմամբ, եթե միջնորդությունը հիմնավոր է, բավարարվում է, իսկ եթե անհիմն է, մերժվում է: Իսկ ԲԴԽ-ն իշխանությունների կամակատարն է դարձել, թե ոչ` դա կարելի է շատ հանգիստ փորձարկել, կարելի է բերել անհիմն միջնորդություն եւ պարզել եւ տեսնել, թե Բարձրագույն դատական խորհուրդը ինչպես կարձագանքի:
-Երեք դրվագից է բաղկացած եղել միջնորդությունը. կմանրամասնե՞ք դրվագները: Երրորդ դրվագը, որը մերժեցիք, կալանավորմա՞նն էր վերաբերում:
-Չեմ կարող հայտնել. դա նախաքննական գաղտնիք է: Երբ նախաքննությունը կավարտվի, եւ ամեն ինչ հասանելի կդառնա, այդ ժամանակ շատ կցանկանամ` քննարկում տեղի ունենա մասնագիտական առումով, եւ այդ ժամանակ գնահատական տան ԲԴԽ-ին: Իսկ այն աղմուկը, որ բարձրացվել է դատական համակարգի շուրջ` Դավիթ Գրիգորյանի հետ կապված, դա հետապնդում է, քաղաքական նկատառումներ: Մեկ բան նկատի՛ ունեցեք եւ վստա՛հ եղեք. եթե ԲԴԽ-ն կնկատի, որ դատավորի իրավունքները ոտնահարվել են, առանց մեկ վայրկյան կասկածելու իմացե՛ք, որ իր լիազորությունների շրջանակներում կբարձրաձայնի եւ կկանգնի ցանկացած դատավորի կողքին` դա կլինի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը հայտնի է բոլորիս` ծանր գործը քննելով, թե Սյունիքում, թե Աշոցքում ոչ հայտնի դատավորը: Ես ցավում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ կամ նույնիսկ իմ կոլեգաները մասնագիտական համայնքում փորձում են այս ամենը քաղաքականացնել: ԲԴԽ-ն ապաքաղաքականացված է, նա չի մասնակցում որեւէ քաղաքական գործընթացի եւ չի էլ մասնակցելու երբեւէ:
-Փորձը ցույց է տվել, որ նախկին դատավորների սխալ որոշումները նոր են ի հայտ գալիս: Որպես ԲԴԽ նախագահ` չե՞ք վախենում, որ հետագայում այս Ձեր կայացրած որոշումն էլ Ձեր դեմ դուրս կգա, ու կասեն` այսօրվա ԲԴԽ-ն հաճոյացավ այս իշխանություններին՝ դատավոր Գրիգորյանի լիազորությունները կասեցնելով:
-Մտավախություն ունեմ միշտ, երբ խոսքը վերաբերում է ոչ պրեֆեսիոնալ մոտեցմանը: Այսօր երբ ՀՔԾ-ն կանի իր գործողությունները ու գործառույթները, դատախազությունը իր լիազորություների շրջանակից դուրս չի գա: Երբ ԲԴԽ-ն իրականում կանի այն գործառույթը, որը վերապահված է իրեն, երբ փաստաբանական համայնքը կմնա իր փաստաբանության շրջանակներում, երբ լրագրողները կմնան լրագրողական դաշտում, երբ քաղաքական գործիչները ընդամենը քաղաքական վերլուծություններ կանեն, այլ ոչ թե իրավական պրոսեցները քաղաքականացնել, այդ դեպքում մտավախություն չեմ ունենա: Իսկ այժմ բոլորը իրենց պատկերացնում են քաղաքական գործիչներ եւ ցանկացած երույթի փորձում են քաղաքական գնահատական տալ: Այսօրվա քննադատությունները եւ ծափահարությունները, որոնք հնչում են ԲԴԽ-ի հասցեին, ո՛չ ողջույնի խոսքերն եմ ծափահարություններով հանդերձ ընդունում, ո՛չ էլ ընդունում եմ քննադատական խոսքերը, քանի որ ոչ ոք չի կարդացել այդ որոշումը, համենայնդեպս, նախաքննության մարմինը գիտի, դատախազությունը գիտի եւ ԲԴԽ-ն. այդ երեք մասնագիտացած կառույցները լռում են, չեն մեկնաբանում, քանի որ նախաքննական գաղտնիք է, իսկ մնացած բոլորը մեկնաբանում են, եւ այդ մեկնաբանությունների հիմքում դրված են կրքեր եւ ցանկություն հարցը քաղաքականացնելու:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԵՆԹԱՍՊԱՅԻՆ ԿՐԿԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
«Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր հարցաքննություն է իրականացվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` գնդապետ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված ենթասպային կրկին հրավիրել են ՀՔԾ` հարցաքննության: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է` ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա:
Հուլիսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գ. Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտնել էր, որ «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, եւ մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թ.: Համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել: Այսինքն` փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից:
Եվ, ահա, այս բացահայտումից հետո «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը օրերս հարցաքննության է հրավիրել ենթասպա Ալեքսանդր Ազարյանին եւ հարցադրումներ իրականացրել՝ իր նախկին ցուցմունքի հետ կապված: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրան ներկայացրել է փորձաքննության արդյունքներ, որ պարկուճների համընկում չի եղել: Ամենայն հավանականությամբ, այս հարցաքննությունը իրականացվել է մեկ նպատակով, որ նախաքննական մարմինը հասկանա, թե ենթասպան ինչ հիմքով է նախկինում նման բան ասել: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից մեր հարցին ի պատասխան` հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքի գործոնը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Պետական եկամուտների կոմիտեի Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում երեկ, ի պատասխան մաքսակետի աշխատակիցների` Հայաստան ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձեւակերպելուց ինքնավնասման դիմելու միջոցով: Մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձեւակերպման աշխատանքները, ստացել իր բեռը եւ հեռացել:

 

 

 

ԿՎԵՐԱՑՆԻ ԿԱԼԱՆՔԸ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում է կայացրել վերացնել Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի շարժական եւ անշարժ գույքերի վրա դրված կալանքը` ՊԵԿ-ի կողմից այն իրացնելու նպատակով: Մ. Մարտիրոսյանը որոշել է, որ եթե նշված գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գերազանցի 1 մլրդ դրամը, ապա այդ մասին իրազեկի դատարանին, որպեսզի վերջինս քննարկի մնացած գույքի վրա արգելանք դնելու հարցը: Երեկ ՊԵԿ-ը գրություն էր ուղարկել Մ. Գրիգորյանի գործով դատավորին` խնդրելով Մ. Գրիգորյանի ընկերությանը պատկանող գույքերի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ-ն իրացնի այդ գույքը, վաճառի եւ գոյացած շուրջ 1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը վճարի: Պարզվում է, որ դեռեւս 2015թ. ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել հիշյալ ընկերությունում, ինչի արդյունքում «Արա եւ Այծեմնիկ» ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 18 մլն դրամի հարկային պարտավորություն:




Լրահոս