Իրանը և Ռուսաստանը սկսել են Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ Իրանում նոյեմբերի 10-ին սկսվել է Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Իրանի Mehr գործակալությունը։

Շինարարության մեկնարկը հանդիսավոր պայմաններում տվել են Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լոկշինը։

Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը համարվում է խոշորագույն ռուս-իրանական նախագիծը։ 2014-ի նոյեմբերին Իրանը և Ռուսաստանն ստորագրել են Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ և երրորդ էներգաբլոկները («Բուշեր-2» նախագիծ) կառուցելու պայմանագիր։ Նախագիծն սկսելու արարողությունը կայացել է 2016-ի սեպտեմբերի 10-ին։ Նշված բլոկներում աշխատելու են ռուսաստանյան ВВЭР-1000 տիպի ռեակտորային կայանքներ։ Երկու բլոկների գումարային հզորությունը 2,1 հազար ՄՎտ է։ Սպասվում է, որ «Բուշեր-2»-ի իրագործումը կտևի 10 տարի։




Լրահոս