Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 4.8 տոկոսով` կազմելով 574 մլրդ 429.1 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որմեր հանրապետությունում այս տարվա 9 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 599 մլրդ 927.6 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` նվազել է 4.3 տոկոսով:
Պաշտոնապես, բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 323 մլրդ 649 մլն դրամ, այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 7 տոկոսով: Մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են` այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար: Գյուղատնտեսության ոլորտում տարին բավական վատ սկսվեց. եթե նախկին տարիներին գյուղացիներին տրամադրում էին ինչ-որ քանակի վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն, ապա այս տարի դրանք չկան: Բացի այս, Գյուղատնտեսության նախարարության մասնագետները գնում էին գյուղեր, խորհուրդներ տալիս, փորձում էին հարցեր լուծել:
Հիմա այս տարբեր տիպի մեխանիզմները չեն կիրառվում: Այսինքն` կառավարությունը սերմով, դիզվառելիքով չի օգնում կամ խորհրդատվությամբ: Էլ չենք խոսում ջուր չլինելու, դաշտերը չորանալու մասին: Այսօր բազմաթիվ են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք չեն կարողանում իրենց բոստանները անհրաժեշտ ծավալով ոռոգել, եւ զարմանալի չէ, որ բոստանային կուլտուրաների բերքի ծավալները սովորականից պակաս են ստացվել:
«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմանը, որպես օրինակ նշեց ծիրանը:
Նրա խոսքով` այս տարի ծիրանի բերքատվությունը սովորականից պակաս է եղել: «Այս տարին ծիրանի համար բերանպաստ չէր:
Անձրեւներ եկան, որոնք փոշոտման վրա ազդեցին: Խաղողի հետ կապված մեր գյուղացիները ժամանակին բուժումները չկազմակերպեցին, դարձյալ քիչ բերք հավաքեցին: Այսօր մեր ունեցած տվյալներով` խաղողի բերքատվությունը 30 տոկոսով պակաս է եղել:
Իրենք ամեն թիվ էլ կարող են նկարել: Կարտոֆիլի հետ կապված խնդիր կա, քանի որ ցանքատարածությունները պակասել են, մարդիկ սերմացու չունեին: Մենք կարտոֆիլի միջակ բերք ենք ստացել, վատ բերքչենք ստացել, ցածր որակի բերք ենք ստացել,ինչի հետեւանքով շուկայում կարտոֆիլի գները բարձր են եղել, ուղղակի փորձում են շուկայում գները բելառուսական ծագման կարտոֆիլով պահել, բայց Վերին Լարսի ճանապարհները կփակվեն, ո՞վ է կարողանալու կարտոֆիլ բերել: Այդ դեպքում շեշտակի կթանկանա»,- բարձրաձայնեց մասնագետը:
Մյուս կողմից արձանագրենք, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 250 մլրդ 779 մլն 500 հազար դրամ, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` նվազել է 2.2 տոկոսով: Այլ կերպ ասած` այս տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակը զգալի պակասեցրել են: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 9 ամիսների արդյունքներով` 4.7 տոկոսով նվազել են նաեւ մսի արտադրության ծավալները: Ըստ Բերբերյանի` այս մի ցուցանիշը կարող է ուղղակի կապ ունենալ քիչ անասնակեր պահեստավորելու հանգամանքի հետ:
Նրա խոսքով` խոտհարքների բերքը շատ քիչ է հավաքվել, եւ անասնակերի պաշարները նախատեսվածից քիչ են եղել: Այս ամենին ավելացնենք նաեւ այն փաստը, որ պետական աջակցության շրջանակներում գյուղացիներին այս տարի չի հատկացվել ոչ միայն դիզվառելիք, այլեւ պարարտանյութը: Եւ շատերն ուղղակի գումար չենունեցել խոտհարք անելու,ուստի նման պայմաններում գյուղատնտեսության համախառը բերքի ծավալների անկումը լրիվ սպասելի արդյունք է: Սա է պատճառը նաեւ, որմսի արտադրության ծավալներն են պակասել: «Այս տարվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանու անկում եղել է, մարդիկ մորթ արել են ընտանիք պահելու, կերակրելու համար,ինչի հետեւանքով շուկայում 300 դրամով թանկացել է տավարի մսի գինը: Մինչեւ Ամանոր այն դեռ կթանկանա. անասնակերի խնդիր էլ ունենք: Շատ չեն կուտակել անասնակեր»,- պարզաբանեց Բերբերյանը:
Փոխարենը ընդհանուր կաթնամթերքի արտադրության ծավալները, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, 43.5 տոկոսով աճել են: Օրինակ` նշված ժամանակահատվածում պանրի արտադրության ծավալները աճել են 7, թթվասերինը` 32.7, մածունինը` 29.9, իսկ կաթնաշոռինը` 27.6 տոկոսով: Ըստոլորտի մասնագետների` կաթնամթերքի արտադրության ծավալներն աճել են ներկրված կաթի փոշու հաշվին:
Նշենք, որ իշխանությունները փոխել են գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ: Պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց, չնայած սրան, գյուղատնտեսության ոլորտում բացասական միտումը շարունակվում է:
Իսկ Հրաչ Բերբերյանը կասկածանքով է վերաբերվում վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին. «Ինձ ընդամենը հետաքրքրիր է, թե վիճակագրական կոմիտեն այդ թվային տվյալները որտեղից կամ ումից է հավաքում: Արդյոք բուն արտադրողի՞ց են վերցնում այդ տվյալները, օրինակ` հետաքրքրվո՞ւմ են, թե գյուղացին որքան կաթ է արտադրել կամ լոլիկ մշակել, հավաքել: Գյուղապետարանների՞ց են վերցնում տվյալները: Ես կարծում եմ, որ գյուղապետ չկա, որը լավ կտիրապետի ու կիմանա, թե իր գյուղացին որքան լոլիկ, ծիրան կամ խաղող է ցանել ու հավաքել: Այգիների, ցանքատարածությունների մասին կիմանան տվյալներ, բայց բերքատվության մասով հաստատ չեն իմանա»:
Սյունէ Համբարձումյան