Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2016թ. մայիսի 24-ին ժամկետային զինծառայող Մկրտիչ Պետրոսյանը դիրքերում հատել էր ականապատ տարածքը և կորցրել աջ ոտքը` ծնկից ներքև:
Նշենք, որ Մկրտիչը երկրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 43 հազար դրամ կենսաթոշակ:
ArmLur.am-ի հետ զրույցում Մկրտիչը պատմել էր, որ ականապայթյունից վնասվել է ոտքը, ինչի հետևանքով աջ ոտքի ծնկից ներքև հեռացվել է. «Մի քանի հոգով իջել էինք ցախ բերելու, ու դեպքը պատահեց: Հիմա ես պրոտեզ եմ կրում»:
Մարտակերտի հոսպիտալում ոտքը հեռացնելուց հետո տեղափոխել են Ստեփանակերտ, որտեղ 10 օր մնացել է վերակենդանացման բաժանմունքում, ապա տեղափոխել են Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, ուր ստացիոնար բուժման կուրսեր է անցել շուրջ մեկ ամիս:
Մկրտիչը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ամուսնացել է, արդեն ունի 1.5 տարեկան երեխա: Զինվորը հավելեց, որ կարողացել է հիփոթեքով ձեռք բերել բնակարան:
Ի դեպ, նշենք, որ Մկրտիչը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին նամակ էր գրել, որին նախարարը արձագանքել էր, և մեծ ոգևորությամբ պատմեց նշեց, որ վաղը պետք է գնա մասնակցի աշխատանքի համար նախատեսված հարցազրույցին:
«Անկեղծ ասած՝ ոտքիս շրջանում ցավեր ունեմ, քանի որ ոսկոր է աճում, որը խանգարում է ինձ պրոտեզ կրել և է՛լ ավելի է դժվարացնում տեղաշարժվելու պրոցեսը: Տարին մեկ-երկու անգամ ստիպված եմ լինում վիրահատվել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան