Փայտահատության դեմ պայքարի շրջանակներում երբեմն զավեշտալի իրադարձություններ են լինում: Նոյեմբերի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթին էր դիմել Նոյեմբերյան քաղաքին հարակից Ջուջեւան գյուղի բնակիչ Մհեր Չիլինգարյանը՝ հայտնելով, որիր առանձնատան բակում կուտակված 24 քառակուսի մետր փայտը, որը իր եւ իր հարազատ 2 անձանց օրինական, փաստաթղթերով տրված թափուկը, տեղափոխելու են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փորձեցինք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվել` ինչու են քաղաքացու թափուկը տանում ոստիկանություն: Ահարոնյանն ասաց, որ կխոսի ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Կարեն Հակոբյանի հետ: Նոյեմբերի 15-ին Մհեր Չիլինգարյանը զանգահարեց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն եւ հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցները սույն թափուկը տեղափոխում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լինելով Ջուջեւանում` տեսանք, որ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ղեկավարությունը, վարձելով Նոյեմբերյան քաղաքից օրավարձու 2 բանվորի եւ Այրումի պահածոների գործարանի բեռնատարը, տեղափոխում է Մհեր Չիլինգարյանի բակում կուտակված, 3 անձանց պատկանող 24 խմ վառելափայտը: Նկատենք, որ թեեւ այդ վառելափայտի օրինականության վերաբերյալ կան փաստաթղթեր, բայց ՀՀ ոստիկանությունը հսկայական ծախսեր է անում՝ տանելու եւ ստուգելու դրանց օրինականությունը:
Ավելին, տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով, այսինքն` պաշտոնական կեղծիքի մասով: Պաշտոնական կեղծիք համարվածն էլ առնչվում է թափուկի հատկացման օրվա վերաբերյալ գրառմանը, սակայն դատախազի որոշմամբ` որոշվել է ձմռան կեսին ջուջեւանցի Մհեր Չիլինգարյանի տան բակից ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխել 24 խորանարդ մետր թափուկը: Թե այդ թափուկի հետ ինչ քննչական գործողություններ պետք է կատարեն, պարզ չէ:
Փաստ է, որ ՀՀ ոստիկանությունը ցուցանիշ ցույց տալու համար, թե փայտանյութ է առգրավել, գործողություններ է անում: Թե ինչ արդյունք կլինի, այս դեպքում այդքան էլ կարեւոր չէ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ