Քննիչ հանձնաժողովը փորձում է տեղից շարժվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում երեկ տեղի է ունեցել Արարատի եւ Արմավիրի մարզերում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանձնաժողովի աշխատանքներին շատ քիչ պատգամավորներ են ներկա եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` հանձնաժողովի անդամներից շատերը կարծում են, որ սայլը տեղի չի շարժվում, ու այս ամիսներին, կարելի է ասել, որեւէ կերպ չի հաջողվում հանձնաժողովի աշխատանքները «ռելսերի վրա դնել»:

Երեկ հանձնաժողով են ներկայացել Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Վահրամ Մկրտչյանը եւ Էջմիածին ՋՕԸ տնօրեն Սամվել Համբարձումյանը, ովքեր հանձնաժողովին են ներկայացրել իրենց գործունեության ոլորտը, բարդություններն ու ընդհանուր խնդիրները:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ Քննիչ այս հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որն ասաց, թե հանդիպմանը հարցեր են ուղղվել ԾԻԳ-ի վերաբերյալ, մրցույթների ու ընդհանուր փաստաթղթերի հետ կապված:

«Քննարկումը խորհրդակցական էր, օրինակ, ես ԾԻԳ-ից ուզել եմ իրենց բոլոր փաթեթները, մի մասը տրամադրվել է, որոնք նայում ենք, նախկինում արված նախագծային, նախահաշվային տենդերների փաթեթները, շինարարական, ընտրում ենք, որոնք նայենք, սկզբունքներով ընտրում ենք, ուսումնասիրում ենք,-հայտարարեց Հ. Հովհաննիսյանը:

Պատգամավորն ասաց, որ իրենց խնդիրն է շտկել առկա խնդիրները: Ըստ մեր զրուցակցի` գուցե 6 ամսից ավելի ժամանակ պահանջվի, որպեսզի համապարփակ ուսումնասիրեն փաստաթղթերը, քանի որ ոլորտը շատ մեծ է: Իշխանական պատգամավորը վստահեցրեց, որ իրենց հանձնաժողովը շատ ակտիվ աշխատում է ու շարունակելու է աշխատել:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս