Տված խոստումներն ու իրականությունը. Երևանի բյուջեի խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում բուռն քննարկումներ են սպասվում Երեւանի 2020 թվականի բյուջեի նախագծի եւ քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրի մասով: Նոյեմբերի 27-ին այս թեմայով Երեւանի քաղաքապետարանում նախատեսվում են հանրային լսումներ, իսկմինչ այդ էլ «Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» ավագանու որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Չնայած այս բյուջեն, ինչպես եւ ՀՀ պետական բյուջեի նախագիծն իշխանությունները համարում են հեղափոխական եւ աննախադեպ, սակայն այս անգամ եւս ընդդիմադիր ուժերն այլ տեսակետ են հայտնում: Ամեն դեպքում, այլ պատկեր է ցույց տալիս նաեւ բյուջեի ուսումնասիրությունը եւ նախապես խոստացված ծրագրերի` նախագծից բացակայությունը:

Նախագծից պարզ է դառնում, որ Երեւանի 2020 թվականի բյուջեն ունենալու է 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ։ Եվ համեմատության համար նշենք, որ նախկին տարիների ամենամեծ դեֆիցիտը եղել է շուրջ 300 մլն դրամի չափով: Այն գերազանցում է նաեւ 2018 թվականի ծախսերի թերակատարումը եւ սա այն պարագայում, որ 2018 թվականին մի քանի ամիս քաղաքը չուներ քաղաքապետ, եւ կարելի է ասել, որ այդ փուլում թերակատարումը հասկանալի էր: Ընդ որում, քաղաքապետարանը նախատեսում է բյուջեի պակասուրդը լրացնել փոխառու միջոցների եւ համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդների հաշվին։

Ըստ բյուջեի նախագծի` քաղաքային բյուջեն հաջորդ տարվա համար կունենա 107 միլիարդ 120 մլն դրամի եկամուտ, սակայն ծախսերը կկազմեն 116 միլիարդ 232 միլիոն դրամ։ Եթե համեմատենք Երեւանի 2019-2020 թվականների բյուջեի նախագծերը, նշենք, որ 2019 թվականի բյուջեն առավել նվազ էր, դրա հետմեկտեղքիչ էր նաեւ բյուջեի պակասուրդը։ Մասնավորապես, 2019 թվականի համար Երեւանի բյուջեն կազմում էր 83 միլիարդ 77 միլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 84 միլիարդ 346 միլիոն դրամ։ Այսինքն՝ բյուջեն նախորդ տարի ուներ 1 միլիարդ 269 միլիոն դրամի պակասուրդ, այս տարվա համեմատությամբ` գրեթե 7 միլիարդ դրամով քիչ։ Դրա հետմեկտեղ աշխատավարձային ֆոնդն աննախադեպ ուռճացվել է՝ հասնելով սեփական եկամուտների շուրջ 40%-ին։ Սա նշանակում է, որ հավաքագրված գումարի գրեթե կեսը ծախսվում է ադմինիստրացիայի ծախսերի վրա, իսկմյուսկեսը` քաղաքի խնդիրների։

Ըստ բյուջեի նախագծի` խոշոր ծրագրերից է կանաչապատման նոր մոդելի ներդրումը: Այդ նպատակին բյուջեից նախատեսվում է հատկացնել 3,6 մլրդ դրամ: Հաջորդ տարի քաղաքապետարանը նախատեսում է ավելացնել միջոցները՝ լուծելու 4-րդ կարգի վթարային մի շարք շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Իսկ բակերի բարեկարգման համար առաջարկվում է բյուջեից հատկացնել 1.5 մլրդ դրամ:

Քաղաքապետարանը մի քանի խոշոր ծրագիր ունի առողջապահության ոլորտում: Սակայն հետաքրքիր է, որ կան մի քանի ծախսեր, որոնք ուռճացված են, օրինակ` դրոշներին տրամադրվող գումարի չափը, որքան հասցրեցի ուսումնասիրել, չի փոխվել՝ 44 մլն:

Եվ հետաքրքիր թվեր են նաեւ աղբահանության ոլորտում: Օրինակ` «Սանիթեք»-իցշուրջ 600 միլիոն ավել գումար է տրամադրվում նոր հիմնարկին։ Տարեկան տրամարդվում էր 5 մլրդ 200 մլն դրամ գումար եւ դրա մեջ էին ներառվում բոլոր ծախսերը, այդ թվում` տեխնիկայի ձեռքբերումը, աշխատավարձերը: Եվ եթե այդ 5 մրդ 200 մլն-ից հանում ենք ավելացված արժեքի հարկը, ապա ստացվում է մոտ 4 մլրդ 200 մլն գումար: Իսկ այժմ քաղաքային իշխանությունը բերել է 4 մլրդ 6 մլն դրամ աղբահանությանը եւ սանմաքրմանը տրամադրվող գումար եւ առանձին հոդվածով` շուրջ 1 մլրդ գումար, որըպետք է ներդրվի գույք եւ տեխնիկա ձեռքբերելու համար: Ստացվում է` անհամեմատ ավելի թանկ ծառայություն է մատուցելու, քան մասնավոր օպերատորն էր մատուցում:

Եվ հետաքրքիր է, որ զարգացման 5-ամյա ծրագրից բացակայում է դեռեւս փետրվար ամսին մեծ աղմուկ հանած մեկ ծրագիր: Խոսքը «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագծի մասին է:

Դեռեւս փետրվար ամսին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տեղադրել՝ գրելով. «Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը: Այն զգալիորեն կթեթեւացնի երթեւեկությունը Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթեւեկություն: Սակայն ներկայացված հնգամյա զարգացման ծրագրում չկա այս նախագիծը, ինչպես եւ չկա որեւէ ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցելու տեսլական։ Չկա երթեւեկությունը թեթեւացնող որեւէ էստակադայի/հանգույցի կառուցում: Այնպես որ, առաջիկայում թեժ քննարկումներ են սպասվում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս