ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հանդիպել է «Դալմա Ինվետ» եւ «Երեւան մոլ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ՝ նշված ընկերություններին պատկանող «Երեւան» եւ «Դալմա» մոլ առեւտրի կենտրոններում գործող մի շարք տնտեսվարող եւ անվտանգությունն ապահովող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը:
Հանդիպումը պայմանավորված է ավելի վաղ հիշյալ անձանց կողմից Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին հասցեագրված դիմումով, որով խնդրում էին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ընկերություններից հափշտակություն կատարած կրկնահանցագործների նկատմամբ առավել խիստ դատավարական ներգործության միջոցներ կիրառելու համար: Քննչական կոմիտե նույնաբովանդակ նամակ է ուղարկել նաեւ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը:
ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչությունում ուսումնասիրվել են «Երեւան» եւ «Դալմա» մոլ առեւտրի կենտրոնների բացման օրվանից նշված ընկերություններում գործող տնտեսավարող սուբյեկտներից կատարված հափշտակության դեպքերի առթիվ քննված քրեական գործերը, վերլուծվել արձանագրված հանցավորության կառուցվածքն ու շարժընթացը՝առեւտրի կենտրոններում կատարված հանցագործությունների նախականխման, հնարավոր հանցավոր խմբերի բացահայտման, ինչպես նաեւ՝ առավել կոշտ դատավարական արձագանքման համար, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ պայմանավորված իրավական ակտերի նախագծերի փաթեթի մշակման համար:
Հանդիպման ընթացքում Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկայացրեց ՔԿ նախագահի հանձնարարությամբ կատարված աշխատանքների արդյունքները եւ մասնակիցներին առաջարկեց նախաձեռնված աշխատանքների կապակցությամբ ներկայացնել առաջարկություններ կամ մասնակցել Կոմիտեում շարունակվող ուսումնասիրություններին: