2020-ին կանացի երջանկություն եմ ուզում. Իվետա Եդիգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է նախաամանորյա հարցազրույցների շարք հայտնիների հետ: Մեր զրուցակիցն այս անգամ դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանն է: Նա նշել է, որ հայ կանայք հաճախ այնքան են տրվում կենցաղային հոգսերին, որ մոռանում են Ամանորը նշելու եւ տոնական տրամադրության մասին: Դերասանուհին պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի գալիք տարվանից, խոստովանել, որ հավատում է ամանորյա հրաշքին, եւ իր դստեր հետ նամակ է գրում Ձմեռ պապիկին:

-Իվետա՛, հավատու՞մ եք ամանորյա հրաշքին, Ձմեռ պապիկին:

-Ես, առհասարակ, հավատում եմ հրաշքներին: Երբ հավատում ես, հրաշքներն իրականություն են դառնում: Փորձում եմ այդպես ապրել:

-Փոքր ժամանակ Ձմեռ պապիկին նամակներ գրե՞լ եք, իսկ Ձեր դստեր հե՞տ:

-Ինքս շատ եմ գրել, դստերս հետ եւս: Աղջիկս 12 տարեկան է, բայց ես նրան հավատացնում եմ, որ Ձմեռ պապիկ գոյություն ունի:

-2020 թվականից ի՞նչ ակնկալիքներ ունեք, ի՞նչ նվեր կցանկանաք ստանալ Ամանորին:

– 2020 թվականին կանացի երջանկություն եմ ուզում ունենալ, մնացած ամեն բան կարելի է ձեռք բերել, բայց դա տրվում է ի վերուստ:

-Իսկ մասնագիտական առումով ի՞նչ ձեռքբերումներ կցանկանաք ունենալ: Առնետի տարուց ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Կցանկանայի հետաքրքիր եւ լուրջ կերպարներ մարմնավորել:

-Ամանորյա ուտեստներից որո՞նք են ամենասիրելիները, կա՞ն այնպիսիք, որոնցից երբեք չեք հրաժարվի:

-Նրբաբլիթները եւ տոլման, որոնք ես նույնպես պատրաստում եմ, եթե ժամանակ եմ ունենում եւ տանն եմ լինում: Առհասարակ, քիչ ուտող եմ, թեթեւ սնվող, իմ ամենասիրելի ուտեստը հնդկաձավարով փլավն է: Իսկ Ամանորին նախընտրում եմ սալաթներ եւ թփով տոլմայի արաբական տեսակը՝ կանաչեղենով եւ բրնձով: Եթե ես չեմ հասցնում պատրաստել, մայրս է դա անում:

-Հիմնականում Ամանորի գիշերը որտե՞ղ եք լինում, ի՞նչ միջավայրում եք նշում տոնը:

-Աշխատանքի վայրում՝ բեմի վրա: Մեծ մասամբ կոլեկտիվով ենք նշում Նոր տարին:

-Իսկ այս տարի ինչպե՞ս եք որոշել նշել Ամանորը:

-Մտադիր եմ ընկերուհուս հետ գնացքով ճամփորդել դեպի Վրաստան, այցելել մշակութային օջախներ, տեսարժան վայրեր: Այս անգամ դստերս հետ չեմ գնա, քանի որ նա, ի տարբերություն ինձ, շատ չի սիրում քայլել եւ ճանաչողական վայրեր այցելել: Այդ առումով նման չէ ինձ. նախընտրում է արեւադարձային հանգիստ վայելել:

-Ձեզ համար կարեւո՞ր է, թե ինչ տեսքով կդիմավորեք Նոր տարին: Խոսքը հագուստի, աքսեսուարների մասին է:

-Այո, ես միշտ ուզում եմ լինել օրիգինալ եւ հետաքրքիր: Առանց այդ էլ մեր կյանքը շատ թեթեւ չէ. ուզում ես գոնե այդ օրը լիցքաթափվել: Ես սիրում եմ Ամանորը, դրա շունչը զգում եմ, երբ իմ տանը առավոտից երեկո միացրած է լինում «Բաղնիքդ անուշ» ֆիլմը: Ով մտնում է իմ տուն, գիտի, որ այդ ֆիլմը մշտապես միացված է իմ տանը: Երեւի մանուկ հասակում շատ եմ դիտել այն, ուստի ասոցացվում է իմ մանկության հետ:

-Հայ կանայք Ամանորին սովորաբար այնքան են տանջվում, չարչարվում, որ երբ գալիս է կեսգիշերը, հազիվ են ոտքի վրա կանգնում: Նրանց ի՞նչ խորհուրդ կտաք:

-Ես կուզեմ, որ հայ կանայք մի քիչ թեթեւ ապրեն, տան հոգսը թողնեն մի կողմ, իրենց շատ սիրեն: Հայ կանանց կմաղթեմ նաեւ համբերություն: Այդքան մեծ ծախսեր անելու, տառապելու փոխարեն կարելի է Ամանորը նշել ընտանեկան նեղ շրջանակում եւ վայելել տոնը: Կարելի է Ամանորի համար նախատեսված գումարով իսկապես օրը տոն դարձնել: Ես կողմ չեմ նաեւ պարտքով Նոր տարի նշելուն: Ով որքան հնարավորություն ունի, թող այնպես էլ նշի: Կարեւորը բարձր տրամադրությունն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս