Իլհամ Ալիևի շուրջ օղակը սեղմվում է. փոխանցում Մեհրիբան խանումին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, եկող երկուշաբթի կքննարկի ինքնալուծարվելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով նախագահ Ալիեւին դիմելու առաջարկը: Բաքվի բռնապետի աթոռը երերում է: Նախօրեին իշխող «Ենի Ազերբայջանը», ըստ APA գործակալության, հայտարարել էր, թե երկրում անհրաժեշտ բարեփոխումներ իրագործելու համար պետք է ընտրել նոր խորհրդարան, որը կսատարի նախագահ Ալիեւի վարած քաղաքականությունը: Մեջլիսի՝ նախօրեին կայացած նիստում խոսնակ Օքթայ Ասադովը հայտարարել է. «Խորհրդարանը ստացել է մեծամասնություն կազմող «Ենի Ազերբայջան» խմբակցության պատգամավորների դիմումը, այն կքննարկենք դեկտեմբերի 2-ին»:

Իսկ ուշ երեկոյան կուսակցության պատգամավորները հավաքվել են կենտրոնական գրասենյակում, այս հարցի շուրջ քննարկում անցկացրել եւ կոչ արել նախագահ Ալիեին հետեւել քաղաքական խորհրդի որոշմանը: Ալիեւի իշխող թիմում, փաստորեն, հիմնավորում են, թե Մեջլիսի գործելակերպն այսօր համարժեք չէ նախագահի վարած քաղաքականությանը: Իսկ ինչու՞ են հիմա հանկարծ դա նկատել, երբ այս խորհրդարանի աշխատանքին 1 տարի է մնում, եւ 2021-ին հնարավոր կլիներ նոր օրենսդրի ձեւավորումը հերթական ընտություններով: Բռնապետը թերեւս ընտրել է արտահերթ ռեժիմով խորհրդարանի ձեւավորումը հերթական ընտրություններին պատրաստվող ընդդիմությանը անակնկալի բերելու նկատառումով: Մյուս կողմից, սակայն, Ալիեւի մտահոգությունը մեծ հաշվով ընդդիմությունը չէ, այլ ներիշխանական ամրացումը: Հենց իր դիրքերը բարելավելուն էր միտված վերջին շրջանում իշխանական բուրգում Ալիեւների հնամենի կլանի փոխատեղումը աներոջ՝ Փաշաեւների կլանով:

Հենց Մեհրիբան խանումի հայրական ընտանիքի ձեռքին են հիմա երկրի ամենապատասխանատու պորտֆելները: Փաշաեւների աղջիկ ու երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբանը օրերս առաջին պաշտոնական այցը կատարեց Մոսկվա, վերադարձավ պուտինյան մեդալով: Եվ ամենաուշագրավն այստեղ այն է, որ հենց Մեհրիբանի մոսկովյան այցից հետո Բաքվում իշխող թիմը Մեջլիսը ցրելու որոշումն ընդունեց: Եւ հիմա ներքաղաքական լարվածության այս ֆոնին Ալիեւին մնում է իր երկրի ներքին լսարանին «կշտացնող» հակահայկական հռետորաբնությանը զարկ տալ` պատերազմի շանտաժով, կամ էլ պարզապես հանձնել իշխանությունն ու թողնել ատամներով բռնած աթոռը: Իսկ ո՞վ կլինի Ադրբեջանի հաջորդ նախագահը:

Այսօր գահին Իլհամն է, բայց օղակը նրա շուրջ ակնհայտորեն սեղմվում է, ու նա թագը, ըստ էության, սահուն փոխանցում է փոխնախագահ Մեհրիբան խանումին:




Լրահոս