ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 19-ի կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Հենց այդ ցանկում են ամրագրված այն նախագծերն ու ծրագրերը, որոնք պետք է կառավարությունն ընդունի այդ չորս տարիների ընթացքում:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ մինչ այս տարվա սեպտեմբերի 2-րդ տասնօրյակն է ժամկետ նշված աղմկահարույց ԵԽ-ի «Կանանց նկատմանբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման մասին հարցը, որն ավելի շատ հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ: Եվ հետաքրքիր է, որ կոնվենցիայի բացատրության մեջ կառավարության կողմից ընդունված փաստաթղթում նշված է, որ կոնվենցիան կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության խթանման միջազգային գործիքակազմում մարդու իրավունքների պաշտպանության փաստաթղթերից մեկն է, որով կարեւոր չափորոշիչներ են ամրագրվում կանանց դեմ բռնության ոլորտում:
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց միջոցառումների ցանկը, եւ հետաքրքիր նախագծեր են առկա, որոնք պետք է մոտ ժամանակներս ընդունվեն եւ իրականացվեն: Օրինակ 2019-2020 թվականներին նախատեսվում է վավերացնել «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի չարաշահումներից երեխաներին պաշտպանելու մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Ծրագրերից տեղեկացանք, որ դա նախատեսված է մարդկանց թրաֆիկինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի եւ միջոցառումների ժամանակացույցի նախագծում, որն էլ մինչեւ այս տարվա վերջ ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ընդ որում, կառավարությունը նաեւ տեղեկատվություն է ներկայացրել, ըստ որի` 2015-2017 թվականներին սեռական բռնության զոհ են դարձել շուրջ 500 անձ, որոնց մոտ 70 տոկոսը կազմում են 12-17 տարեկան անչափահասներ, իսկ դրանց գրեթե 90 տոկոսն աղջիկներ են:
Ուսումնասիրության ընթացքում նկատեցինք, որ նախագծերի մեծ մասը միտված է երեխաների այս կամ իրավունքները պաշտպանելուն: Եվ հետաքրքիր է, որ ծխախոտի օգտագործման եւ ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ հանրային արշավի իրականացման համար միայն 2019 թվականի համար նախատեսված է 29 մլն դրամից ավելի գումար: Խոսքը գնում է հեռուստատեսային հաղորդումներով, ռադիոյով կամ գովազդի եւ այլ նման միջոցներով այդ ամենի մասին տեղեկացնելը: Եվ այդ ամենը պետք է կատարվի 2019-ից մինչեւ 2023 թվականները պարբերաբար:
Իսկ, ահա, այս տարվա նոյեմբերի սկզբին նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում: Խոսքը հիմնականում գնում է վարչական դատավարության բարեփոխման եւ օրինակ էլեկտրոնային ծանուցման համակարգի ներդրման մասին: Ամենամոտ աշխատանքների ժամկետը նախատեսված է այս տարվա օգոստոսի վերջին, եւ դրանք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարի եւ իրավական եւ դատական բարեփոխումների մշակմանը, որոնց շուրջ մեծ թվով գերատեսչություններ են աշխատում: Սա հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ միասնական մարմին ստեղծելու մասին է, որը պետք է փոխարինի ՀՔԾ-ին, եւ այդ մասով նաեւ բազմաթիվ հանրային քննարկումներ են եղել: Եվ քանի որ վերջնաժամկետն ամեն դեպքում օգոստոսի վերջն է, ապա առաջիկայում նախագիծը վերջնական տեսքի կբերվի, կուղարկվի կառավարություն, այնուհետեւ նաեւ խորհրդարան:
Օգոստոսի վերջին պետք է կառավարություն ներկայացվի նաեւ դատական համակարգի բարեփոխումներին ուղղված նախագիծ 2019-2023 թվականների համար: Եվ այդ նախագծում պետք է հստակ սահմանվեն գործողությունների հերթականություն եւ այն ծրագրերը, որոնք կբերեն ոլորտում փոփոխության: Բացի այդ, այս տարվա վերջին եւ նախորդ տարվա սկզբին փոփոխություններ են նախատեսվում նաեւ «Ոստիկանության մասին» օրենքում, եւ այդ փոփոխությամբ նոր լիազորություններ են սահմանվելու: Օրինակ` նախատեսված է ստեղծել պարեկային ոստիկանության՝ շարժական շուրջօրյա պարեկային միասնական ստորաբաժանում եւ այդ նպատակով նախատեսված է ծախսել 23 մլն դրամ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԶԳԱԿԱՆԻ ԳՈՐԾԸ
ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարելու առիթով հարուցված քրգործը մտավ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հունան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի հունիսի 04-ին` ժամը 11:00-ին, կոտրել է պահեստարան հանդիսացող Երեւան քաղաքի Սիրահարների այգու դիմաց կայանված Սիփան Փաշինյանին պատկանող «Lexus RX 350» մակնիշի 35 UR 882 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետեւի աջ դռան ապակին, մուտք է գործել ավտոմեքենայի սրահ, հափշտակել է 1 հատ 150 000 ՀՀ դրամ արժողությամբ HP ապրանքանիշի «Elitebook» տեսակի դյուրակիր համակարգիչ, 1 հատ 26.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքանիշի WiFi սարք. 1 հատ 2.500 ՀՀ դրամ արժողությամբ «GOLLA» ապրանքանիշի համակարգչային պայուսակ եւ 1 հատ 25.000 ՀՀ դրամ արժողությամբ, 20 տարվա հնեցմամբ «Արարատ» տեսակի կոնյակ:
Այսինքն` ընդհանուր առմամբ պատգամավոր Սիփան Փաշինյանին պատճառվել էր 203 հազար դրամի վնաս: Նշենք, որ այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ այն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին: Գործով մեղադրյալ Հունան Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Ի դեպ, Վաչե Մարգարյանն այն նույն դատավորն է, որի անունը շրջանառվեց 2018 սեպտեմբերի 11-ին: Մասնավորապես, հրապարակվեց ուժային կառույցների ձայնագրություն, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խոսում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի մասին եւ դատավորի անուն տալիս: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը գնացել էր դատավոր Վաչե Մարգարյանի մասին, սակայն դատավորը հերքել էր՝ հայտնելով, որ ինքը երբեւէ ԱԱԾ տնօրենի հետ չի խոսել:

 

 

 

ԱՃՈՎ
Այս տարվա 6 ամիսների արդյունքներով` ինքնաթիռով Հայաստան ավելի շատ թվով ուղեւոր է ժամանել, քան մեկնել. մի ցուցանիշ, որը տեւական ժամանակ ՀՀ-ում չէր արձանագրվում, միշտ արտագաղթի ցուցանիշն է բարձր եղել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեկնել է 613 հազար 229, իսկ ժամանել` 639 հազար 212 ուղեւոր: Ասել է թե` այս օդանավակայանով ուղեւորափոխադրումների դրական հաշվեկշիռը կազմել է 25 հազար 983 հոգի: Որոշ մասնագետների համոզմամբ` ժամանողների թիվը դեռ կաճի` պայմանավորված Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես կասեցնելու հետ: Իսկ, ահա, «Շիրակ» օդանավակայանով պատկերն այլ է. այս օդանավակայանով մեկնել է 34 հազար 255, իսկ ժամանել` 33 հազար 920 ուղեւոր: Այսինքն` վեց ամիսների ընթացքում այս օդանավակայանով 335 ուղեւոր մեկնել է եւ չի վերադարձել:

 

 

 

ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով` Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը: Մարկ Գրիգորյանը լրագրող է, նա զբաղեցնում էր Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը:

 

 

 

 

ՔՐԳՈՐԾ` ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2017-2018թթ. ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ձեռքբերման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ: «Պարզվել է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի եւ Չինաստանի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջեւ կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված ընդհանուր 25.000 հատ «Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձեւակերպվել է իրականից ավելի բարձր գնով: Ըստ էության, հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք ՀՀ-ի համար»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:

 

 

 

ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան երկարացրել է չյուղազերծված կակաո մածուկի, կակաո յուղի եւ կակաո ճարպի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը մինչեւ 2022թ. դեկտեմբերի 31-ը: Կակաոյի հատիկները կակաոյի մթերքների վերածելու ձեռնարկություններ կան ԵՏՄ բոլոր երկրներում, բացի Ղրղզստանից: Սակայն հաշվի առնելով պահանջարկը եւ անդամ պետություններում առկա հզորությունները` միության ներքին շուկայում ամեն տարի մոտ 73 հազար տոննա կակաո մածուկ, կակաո յուղ եւ կակաո ճարպ չի բավականացնում: Այս մթերքների զրոյական դրույքաչափը ներդրվել է 2016թ. եւ այնուհետ մի քանի անգամ երկարացվել:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին: Մտքեր են փոխանակվել Արցախի արտաքին քաղաքական խնդիրները կատարելու նպատակով Արցախի ԱԳՆ եւ ՀՅԴ կառույցների միջեւ համագործակցության վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կիսվել է Արցախի Հանրապետության պատվիրակության Ավստրալիա կատարած վերջին այցի արդյունքներով եւ բարձր է գնահատել Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ներդրումը դրա կազմակերպման գործում: Կարծիքներ են փոխանակվել նաեւ Արցախում ընթացիկ գործընթացների վերաբերյալ` արտաքին քաղաքականության օրակարգում դրանց հնարավոր ազդեցության համատեքստում:




Լրահոս