Հայաստանի Բարձրագույն խմբի 4-րդ տուրում «Գանձասար – Կապանը» դրսում ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեց խաղը «Ուրարտուի» հետ: 4 խաղերից հետո սա «Գանձասար – Կապանի» 3-րդ խաղն էր, որն ավարտվում էր 1:1 հաշվով: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Գանձասար – Կապանի» մարզիչ Արմեն Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձել է ակումբի ելույթներին, ինչպես նաեւ նշել, որ ակումբում ցանկանում են խաղը կառուցել հիմնականում հայ ֆուտբոլիստների շուրջը:
-Ինչպե՞ս եք մոտենում Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության հաջորդ` 5-րդ տուրի` «Արարատի» դեմ հանդիպմանը:
-Մենք պատրաստվում ենք հաջորդ խաղին: Ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար: Վաղը կվերլուծենք մեր անցած խաղն ու մրցակցին եւ, ըստ դրա, կընտրենք թիմի մարտավարությունը:
-Մարզման ընթացքում վնասվածք ստացան Աբդուլ Նիկիեման եւ Անդրանիկ Քոչարյանը: Ի՞նչ կասեք նրանց վնասվածքների լրջության մասին:
-Այս մարզումը անցավ գերծանրաբեռնված, եւ այդպիսի դեպքերում հնարավոր են թեթեւակի վնասվածքներ: Անդրանիկ Քոչարյանի եւ Նիկիեմայի վնասվածքները չեմ կարող ասել` ինչքանով են լուրջ. դա ցույց կտա բուժզննումը,սակայն հուսով եմ, որ ամեն ինչ կարգին է նրանց հետ:
-Առաջնությունում առաջին հաղթանակը կարո՞ղ է բեկումնային դառնալ:
-Բնականաբար: Մենք ամեն խաղի պայքարում ենք հաղթանակի հասնելու համար: Աստված տա, որ այդ հաղթանակը շուտ լինի, որը հոգեբանական առավելություն կտա մեզ: Առաջին հաղթանակից հետո կարող են շատ այլ հաղթանակներ ծնվել:
-«Գանձասար-Կապան»-ում հիմնականում հավաքված են հայ ֆուտբոլիստներ, եւ միայն վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերեցիք լեգիոներների: Այս ամենը կապված է նրա հետ, որ թիմում ցանկանում եք տեսնել մեծամասամբ հայերի՞, թե՞ ակումբի հնարավորությունները չեն բավականացնում այլազգի ֆուտբոլիստներ գնելուն:
-Ակումբը հնարավորությունների հետ կապված խնդիրներ չունի, ուղղակի այստեղ ցանկանում ենք, որ ֆուտբոլիստների մեծամասնությունը լինի հայազգի: Վերջին 3 ֆուտբոլիստները, որոնց մենք ձեռք բերեցինք, բանակցում էինք նրանց հետ. միայն Մենսայի տրանսֆերի շուրջ բանակցություններ չկային, սակայն նա, ի վերջո, համալրեց մեր շարքերը: Մենք զգում էինք, որ այդ խաղացողները հարկավոր են մեզ, եւ կարող եմ ասել, որ ավելի լավ կլիներ, որ նրանք մեզ հետ լինեին առաջնության մեկնարկից, բայց այսպես ստացվեց: Մենք ունենք ուժեղ կազմ եւ մենք պատրաստվում ենք ավելի ու ավելի լավ հանդես գալ:
-«Ուրարտու»-ի դեմ խաղից հետո ասել էիք, որ հնարավոր է` ունենաք եւս մեկ-երկու ձեռքբերում. ի՞նչ կասեք հիմա, կա՞ն ֆուտբոլիստներ, ում հետ բանակցություններ եք վարում:
-Այո, կան: Եթե բանակցությունները լավ ընթացք ստանան, ապա ձեռքբերումներ կունենանք, իսկ եթե ոչ, ապա կշարունակենք խաղալ այս կազմով մինչեւ հաջորդ տրանսֆերային պատուհանը: Մենք ֆուտբոլի մեջ ենք ամեն օր, անդադար. այս թիմը ունի պոտենցիալ ու մոտակա ապագայում այս թիմը մեծ հաջողությունների կհասնի:
Նաեւ կարող եմ նշել, որ այս իրավիճակը մեզ համար պայթյունավտանգ չէ, մենք սիրում ենք հաղթահարել դժվարություններ եւ մենք վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու: Եթե հետ նայենք, ապա կտեսնենք, որ անցած տարիներին «Գանձասար-Կապան»-ը պարտություններով էր սկսում, սակայն այս տարի առաջ քայլ ենք կատարել եւ չենք պարտվում: Ամեն ինչ ժամանակի հարց է:
-Շուտով միջազգային դադար է` կապված հավաքականների հանդիպումների հետ: Ձեր թիմում ո՞ր ֆուտբոլիստներն են պատրաստ հավաքականներ հրավիրվելուն:
-Ես չեմ առանձնացնի ոչ մեկի: Մենք շատ երջանիկ եւ հպարտ կլինենք, որ մեր խաղացողները հրավիրվեն Հայաստանի ազգային հավաքական եւ օգուտ տան մեր ընտրանուն, իսկ ինչ վերաբերում է լեգիոներների` հավաքականներ հրավիրվելուն, ապա կասեմ, որ դա էլ մեզ լիցք կտա, սակայն մենք հիմնականում կենտրոնանում ենք Հայաստանի ազգային հավաքականի վրա, քանի որ մեր թիմն է եւ ներկայացնում է մեր ազգը:
-Այս դադարը հարկավո՞ր է «Գանձասար-Կապան»-ին, թե՞ ոչ:
-Դադարից էլ օգուտ կքաղենք, կանցկացնենք ընկերական խաղեր, մարզման ծրագիրը ավելի կբարդացնենք եւ կփորձենք լավ հանդես գալ արդեն հաջորդ խաղում:
«ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
«Ժողովուրդ» օրաթերթը «Գանձասար – Կապանի» ելույթների, ցուցադրած խաղի եւ ակումբի գլխավոր նպատակների մասին է զրուցել թիմի ֆուտբոլիստ Գեւորգ Նռանյանի հետ:
-Կարելի է ասել, որ «Գանձասար – Կապանը» այդքան էլ լավ չմեկնարկեց այս առաջնությունում: Ի՞նչի հետ կկապեք թիմի արդյունքները, եւ այդ ցուցանիշներից հետո ավելորդ լարվածություն կա՞ թիմում:
-Ճիշտն ասած, կոնկրետ բանի հետ չեմ կապում: Առաջնությունը նոր է մեկնարկել, եւ մեզ միայն գրոհների եզրափակիչ հատվածում ինչ-որ բան չի հերիքում: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, եւ մեկ հաղթանակ տոնելուց հետո կունենանք բազում այլ հաղթանակներ: Լարվածություն կա միայն այն առումով, որ հաղթանակներ չենք տոնում, սակայն թիմում ամեն ինչ կարգին է: Առաջին հաղթանակը լուրջ դեր կխաղա. կսկսենք ավելի ազատ գործել եւ ավելի վստահ:
-Ո՞րն է «Գանձասար – Կապանի» գլխավոր նպատակն այս առաջնությունում:
-Մեր գլխավոր նպատակը հաղթանակների հասնելն է եւ բարձր դիրքեր զբաղեցնելը: Ամեն խաղի դուրս ենք գալիս խաղադաշտ հաղթանակի հասնելու համար: Մեր գլխավոր նպատակը այս մրցաշրջանում լավագույն եռյակում հայտնվելն է:
-«Գանձասար – Կապանի» գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը ասել էր, որ քանի դեռ նա այս թիմում է, Դուք հարձակման գծում չեք խաղալու: Ի՞նչ կասեք Ձեր դիրքի մասին, եւ կա՞ ցանկություն հարձակման դիրքում կրկին խաղալու:
-Իմ ցանկությունն ասյտեղ այդքան կարեւոր չի, ինչքան մարզչի որոշումն ու տված առաջադրանքները: Եթե մարզիչը գտնում է, որ ես պետք է խաղամ այդ դիրքում, ապա ես պատրաստ եմ խաղալ եւ օգուտ տալ թիմին:
-Ի՞նչը Ձեզ ստիպեց հաձակվողից պաշտպանի վերածվել:
-Մարզիչս ցանկացավ, որ ես խաղամ այդ դիրքում, եւ հայտնեցի, որ պատրաստ եմ եւ սկսեցի խաղալ այս դիրքում:
-Ի՞նչ կասեք նորեկների մասին. ի՞նչ մարզավիճակում են գտնվում եւ արդյոք հարմարվե՞լ են թիմին:
-Ճիշտն ասած, ես չեմ կարող ասել` ինչ մարզավիճակում են նրանք, չեմ կարող գնահատել նրանց մարզավիճակը, բայց կարող եմ ասել, որ նրանք շատ ուժեղ եւ որակով ֆուտբոլիստներ են եւ կարող են օգուտ տալ թիմին: Արդեն հարմարվել են թիմին, մարզումները լավ են ընթանում: Մի փոքր խաղերին պատրաստվելու խնդիր կա, սակայն դա էլ կշտկվի խաղից խաղ:
-Նորից Ձեր դիրքի մասին: Մարզումների ժամանակ միայն գործում եք պաշտպանությունո՞ւմ:
-Այո, միայն պաշտպանությունում եմ խաղում, քանի որ հիմա հանդես եմ գալիս այդ դիրքում. ցանկանում եմ ավելի ու ավելի լավ գործել եւ մարզումների ընթացքում էլ այլ դիրքում չեմ խաղում:
-Հաջորդ տուրում խաղալու եք «Արարատի» դեմ: Նրանք այս առաջնությունում դեռեւս պարտություն չունեն: Սա եւ այն փաստը, որ ժամանակին խաղացել եք «Արարատում», հավելյալ մոտիվացիա հանդիսանո՞ւմ են Ձեր համար:
-Այս պահին ես մոտիվացիայի պակաս չունեմ: Մենք դուրս ենք գալու հաղթելու համար: Ե՛ւ ես, ե՛ւ թիմը ամբողջովին մոտիվացված է:
-Մի փոքր էլ Ձեր կարիերայից: Կնշե՞ք կարիերայի լավագույն ու ամենակարեւոր գոլը:
-Իմ բոլոր գոլերն էլ կարեւոր են, չեմ կարող առանձնացնել: Գեղեցկության առումով կհիշեմ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Ֆրանսիայի դարպասն ուղարկած գոլը, իսկ կարեւորության առումով չեմ կարող առանձնացնել:
-Մինչեւ ե՞րբ եք պատրաստվում խաղալ եւ ի՞նչ եք պատրաստվում անել կարիերայի ավարտից հետո:
-Այդ մասին ընդհանրապես չեմ ցանկանում մտածել: Կենտրոնացած եմ միայն ֆուտբոլ խաղալու, ավելի լավ խաղալու, մարզավիճակս պահելու եւ թիմին օգուտ տալու վրա:
Նյութերը՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետերի մասնակցությամբ, որին ներկա են գտնվել նաեւ ոլորտային փոխնախարարներ: Օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Պապիկյանին է զեկուցվել գործող ներմարզային երթուղիների, չսպասարկվող համայնքներից դեպի մարզկենտրոն եւ մարզի քաղաքներից դեպի Երեւան ուղղություններով փաստացի ուղեւորահոսքերի առկա ծավալներն ու ոլորտի առողջացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ի` Անկախության տոնի կապակցությամբ Գյումրի քաղաքում անցկացվելիք տոնական միջոցառումներին, ինչի առնչությամբ նախարարը կարեւոր է համարել Հայաստանի բոլոր մարզերի ներկայացվածության ապահովումն իրենց կոլորիտով, պատմամշակութային բովանդակությամբ եւ արվեստի գործերով: Նախարարին է ներկայացվել նաեւ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գծով կատարողականը, որը կազմել է 25,5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի նկատմամբ ավելի է 3,3 մլրդ դրամով կամ 14,8 տոկոսով:
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` օգոստոսի 27-ին դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետեւյալ այլընտրանքային ավտոճանապարհը` Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: Նշենք, որ ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Հանրապետության տարածքում օգոստոսի 27-29-ը առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին կլինի հյուսիս-արեւմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 28-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 7-9 աստիճանով: Երեւանում օգոստոսի 27-29-ը երեկոյան ժամերին եւ գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: