ՀԱՐՑ.Իմ էրեխեքից մեկը սովորում է Ժողինստիտուտում, մեկը` Պետական համալսարանում, ամեն մեկի տարեկան ուսման վարձի համար վճարում եմ 400 հազար դրամ: Մեկը 2-րդ կուրսում ա, մեկը` 3-րդ, երկուսն էլ ստացիոնար են սովորում: Մեկին զեղչ են անում, մեկին` չէ, ուզում եմ իմանամ` ի՞նչ օրենք ա գործում, եթե ընտանիքից երկու երեխա ուսանող ա, ի՞նչ զեղչեր կան, ոչ մի տեղ նման օրենք չեմ կարողանում գտնեմ: ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ, 48 տարեկան, Արարատի մարզ, ՎեդիՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տալու մասին» կարգի 5-րդ կետի դ ենթակետի` «Բուհը վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10%-ին` ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ իր միջոցների հաշվին ուսման վճարը ուսանողական նպաստի ձեւով մասնակի փոխհատուցում է վճարովի ուսումնական համակարգում 2 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին»:ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` երկու ուսանող ունեցող ծնողները կարող են օգնություն ստանալ պետական ատյաններից, բայց թե ինչ չափանիշերով է որոշվելու մարդկանց «սոցիալական վիճակ» ասվածը, կրթության նախարարությունից չեն մանրամասնել: Ուստի պարոն Մինասյանը կարող է դիմել նախարարության լրատվական ծառայությանը` առավել մանրամասն խնդրին ծանոթանալու համար: Եւ եթե նախարարության պատասխանատուները չեն տա սպառիչ պատասխան, մեզ դիմելու դեպքում կփորձենք մասնավոր օրինակով խնդրին լուծում տալ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ